Գերմանիայի պատմության մեջ ամենամեծ կողոպուտը. վնասը գնահատվում է 90 միլիոն եվրո

Արևմտյան Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքում թալանել են Sparkasse բանկի մասնաճյուղը: Գողերը անցք են բացել բետոնե պատի մեջ, որը բաժանում է հարակից կայանատեղին բանկի շենքից:

Ոստիկանության տվյալներով՝ կողոպտվել է մի քանի հազար սեյֆ: Ականատեսները հայտնել են, որ դեկտեմբերի 28-ի երեկոյան բազմահարկ կայանատեղիի աստիճաններին տեսել են մարդկանց, որոնք մեծ պայուսակներ են կրել:

Տեսախցիկների տեսագրություններում երևում է, թե ինչպես է սև Audi RS 6-ը դիմակավորված ուղևորներով դուրս գալիս կայանատեղիից: Մեքենայի համարանիշը գողացված է եղել: Ոստիկանները նշել են, որ կողոպտիչները գործել են «շատ պրոֆեսիոնալ»:

DPA լրատվական գործակալությունը, հղում անելով քննչական խմբին, հաղորդել է, որ կողոպտվել է շուրջ 3200 սեյֆ, որոնցում եղել է մոտ 30 միլիոն եվրո արժողությամբ կանխիկ դրամ, ոսկի և զարդեր:

Associated Press-ը, հղում անելով Գելզենկիրխենի ոստիկանությանը, հաղորդել է, որ վնասը գնահատվում է 10-ից 90 միլիոն եվրո։ Լրատվամիջոցները սա անվանում են Գերմանիայի պատմության մեջ ամենամեծ կողոպուտներից մեկը։

Sparkasse-ն հայտարարել է, որ յուրաքանչյուր սեյֆ ապահովագրված է եղել մինչև 10,300 եվրո գումարով։ Սակայն դժգոհ հաճախորդները դեկտեմբերի 29-ին և 30-ին հավաքվել են բանկի դիմաց։ Շատերը պնդում են, որ իրենց կորուստները զգալիորեն գերազանցել են ապահովագրված գումարը։ Ընդհանուր առմամբ, տուժել է շուրջ 2700 մարդ։

Leave a Comment