Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը վերսկսում է բալիստիկ հրթիռների արտադրությունը։
Fox News-ի եթերում Իսրայելի վարչապետին հարցրել են, թե որքան առաջընթաց է, ըստ նրա, գրանցել Իսլամական Հանրապետությունը իր բալիստիկ հրթիռային և միջուկային հնարավորությունները վերականգնելու գործում։
«Մենք նրանց զգալիորեն հետ ենք մղել երկու ոլորտներում էլ, բայց նրանք կփորձեն», – ասել է նա։ Նեթանյահուն պնդել է, որ Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտի «ոչնչացումից» հետո Թեհրանը փորձում է վերականգնել իր միջուկային ծրագիրը «այլ վայրերում»։ «Նրանք նաև փորձում են վերականգնել իրենց բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտը», – հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ Թեհրանը «վերադարձել է արտադրությանը»։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Իրանը պատասխանեց: Միացյալ Նահանգները հունիսի 22-ին մտավ հակամարտության մեջ՝ հարվածելով իրանական միջուկային օբյեկտներին Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում։ Հաջորդ օրը Իրանը հարձակվեց Կատարում գտնվող Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա, որը Մերձավոր Արևելքում ամենամեծ ամերիկյան ավիաբազան է։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։