Թաիլանդը հայտարարել է 18 գերի վերցված զինվորների Կամբոջային փոխանցման մասին

Թաիլանդը Կամբոջային է հանձնել 18 կամբոջացի զինվորականների, որոնք գերի էին վերցվել հուլիսին երկու երկրների միջև սահմանային հակամարտության նախորդ սրման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը։

«Թաիլանդը Կամբոջային է վերադարձրել 18 գերի վերցված կամբոջացի զինվորականներին՝ համաձայն Թաիլանդի և Կամբոջայի միջև 2025 թվականի դեկտեմբերի 27-ին սահմանային գլխավոր կոմիտեի երրորդ հատուկ նիստում ստորագրված համատեղ հայտարարության 11-րդ կետի, որտեղ նշվում է, որ 18 կամբոջացի զինվորականները կվերադարձվեն Կամբոջա 72 ժամվա ընթացքում հրադադարի լիարժեք պահպանումից հետո։ Ազատ արձակումը նաև համապատասխանում է Թաիլանդի և Կամբոջայի միջև 2025 թվականի հոկտեմբերի 26-ին Կուալա Լումպուրում ստորագրված համատեղ հռչակագրի ոգուն», – ասվում է հայտարարության մեջ։

Կամբոջան և Թաիլանդը համաձայնության են եկել հրադադարի մասին, որը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 12:00-ին, երկու երկրների սահմանային գլխավոր կոմիտեի երրորդ հատուկ նիստից հետո։

Երկու երկրների միջև սահմանային հակամարտության վերջին սրումը սկսվեց դեկտեմբերի 7-ին սահմանի երկայնքով տեղի ունեցած փոխհրաձգությամբ: Դեկտեմբերի 8-ին թաիլանդական ցամաքային ուժերը հայտնեցին, որ կամբոջական զորքերը հրետանային կրակ են բացել սահմանային գոտում գտնվող թաիլանդական դիրքերի վրա: Թաիլանդի ռազմաօդային ուժերը պատասխանեցին՝ հարձակվելով կամբոջական ռազմական ենթակառուցվածքների վրա: Բախումների ժամանակ զոհվել է քսաներեք թաիլանդացի զինվոր: Կամբոջայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կամբոջայում հրետակոծության հետևանքով զոհվել է 31 քաղաքացիական անձ, իսկ առնվազն 87-ը՝ վիրավորվել:

Leave a Comment