Կրամնիկը դատի է տվել Շախմատի միջազգային ֆեդերացիային — Armsport.am

Աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ)։ Այս մասին ռուս գրոսմայստերը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

​Նոյեմբերին ՖԻԴԵ-ն բողոք էր ներկայացրել Էթիկայի հանձնաժողով՝ կապված Կրամնիկի՝ հանգուցյալ ամերիկացի շախմատիստ Դանիել Նարոդիցկու հասցեին արված հայտարարությունների հետ։ 29-ամյա Նարոդիցկու մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 20-ին։

Դրանից առաջ՝ 2024 թվականին, Կրամնիկը նրան մեղադրել էր օնլայն շախմատում խարդախության մեջ։ Ամերիկացու մահից հետո սոցցանցերի որոշ օգտատերեր մեղադրեցին Կրամնիկին Նարոդիցկու վրա հոգեբանական ճնշում գործադրելու մեջ՝ կարծիք հայտնելով, որ դա նպաստել է ողբերգությանը։

​«Այսօր ես պաշտոնական դատական գործընթաց սկսեցի ՖԻԴԵ-ի դեմ Լոզանի դատարանում՝ շվեյցարական իրավունքին համապատասխան։ Ըստ գործող ընթացակարգերի՝ նախ պետք է տեղի ունենա պարտադիր նախնական փուլ, որը սովորաբար տևում է երկուսից երեք ամիս։ Թեև դատարանը կարող է միջանկյալ որոշումներ կայացնել արդեն այս փուլում, դրա հիմնական նպատակը հող նախապատրաստելն է հիմնական դատավարության համար»,- ասված է Կրամնիկի հայտարարության մեջ։

​Շախմատիստը նշել է, որ հայցի իրավական հիմքերը և ՖԻԴԵ-ից պահանջվող ֆինանսական փոխհատուցման հստակ չափը վերջնականապես կհստակեցվեն իր իրավաբանական թիմի կողմից անմիջապես հիմնական հայցը ներկայացնելուց առաջ։

Բացի այդ, Կրամնիկը պաշտոնական հարցում է ուղարկել ՖԻԴԵ-ի գլխամասային գրասենյակ՝ պահանջելով պահպանել գործին առնչվող բոլոր ապացույցները։ Հարցումը նպատակ ունի ապահովել բոլոր փաստաթղթերի, նամակագրությունների և էլեկտրոնային գրառումների անվտանգությունը՝ կանխելով դրանց փոփոխումը, ջնջումը կամ ոչնչացումը։

Leave a Comment