Ասիայի Չեմպիոնների լիգա 2-ի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքում Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը» կմրցի Թուրքմենստանը ներկայացնող «Արկադաղ» ակումբի հետ։ Սա նշանակում է, որ պորտուգալացի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հյուրընկալվելու է Թուրքմենստանում։
«Արկադաղ» ակումբը հիմնադրվել է Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կողմից (ներկայիս նախագահը նրա որդին է)։ Թիմը համալրված է տեղի առաջնության լավագույն ֆուտբոլիստներով և երեք տարվա ընթացքում երեք անգամ դարձել է չեմպիոն՝ հաղթելով ներքին առաջնության բացարձակապես բոլոր հանդիպումներում։
Ընթացիկ մրցաշրջանում «Արկադաղը» 28 խաղում գրանցել է գնդակների 105:15 տպավորիչ հարաբերակցություն, իսկ նախորդ տարի՝ 30 խաղում՝ 147:20: Թիմը 2024 թվականին գրանցել է ավելի քան 40 անընդմեջ հաղթանակ, սակայն համաշխարհային պաշտոնական ռեկորդը (34 հաղթանակ) շարունակում է պատկանել սաուդյան «Ալ-Հիլալին», քանի որ թուրքմենական ակումբի շարքը ընդհատվել է միջազգային հարթակում։
Հարկ է նշել, որ մրցակից թիմերի երկրպագուները բազմիցս դժգոհել են մրցավարների կողմից «արտոնյալ» ակումբին ցուցաբերվող օգնությունից։
«Արկադաղը» ներկայացնում է համանուն քաղաքը, որի կառուցումը սկսվել է ընդամենը մի քանի տարի առաջ։ Այն կոչվել է ի պատիվ Բերդիմուհամեդովի, քանի որ «Արկադաղը» նրա պաշտոնական տիտղոսն է և թարգմանաբար նշանակում է «հովանավոր»: