Հայաստանի չեմպիոն «Նոայի» բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը հայտնվել է եվրոպական մի շարք ակումբների տրանսֆերային դիտակետում։ Իտալացի հայտնի ինսայդեր Ռուդի Գալետիի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում իտալական «Կալյարին», «Պիզան» և մի քանի այլ թիմեր, որոնք արդեն սկսել են թարմացված տեղեկություններ հավաքել խաղացողի վերաբերյալ։
Բացի Ապենինյան թերակղզու ներկայացուցիչներից, 26-ամյա հարձակվողի համար պայքարից դուրս չեն եկել նաև լեհական առաջատար ակումբները, որոնց հետաքրքրության մասին հաղորդվել էր դեռևս տասն օր առաջ։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն բոսնիացու կարիերայի հետագա ընթացքի համար։
Հիշեցնենք, որ Մուլահուսեյնովիչը «Նոային» միացել է անցած ամառ և կարճ ժամանակում դարձել թիմի առանցքային ֆիգուրներից մեկը։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ՝ գրանցելով 9 գոլ և 4 գոլային փոխանցում։ Հատկապես տպավորիչ է նրա ելույթը Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլում, որտեղ նա մասնակցություն է ունեցել թիմի խփած բոլոր 6 գնդակներին (5 գոլ, 1 ասիստ)՝ մեծ ներդրում ունենալով փլեյ-օֆֆ դուրս գալու գործում։
Նշենք, որ Մուլահուսեյնովիչի գործող պայմանագիրը հայկական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։