ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ, սովորաբար, երբ տարին անցնում է, մարդիկ սկսում են վերհիշել յուրաքանչյուր ամիսը, նշանակալի օրերն ու իրադարձությունները: Առաջարկում եմ միասին վերհիշենք՝ ինչպիսին էր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության տարեցույցը 2025 թվականին:
Հունվարին ամփոփվեց գիտաշխատողների բազային վարձատրության փուլային բարձրացման ծրագիրը, որով գիտաշխատողների վարձատրությունը մեր երկրում գրանցեց մինչև 300 տոկոս աճ։ Այսօր արդեն շուրջ մեկ միլիոն դրամ և ավելի վարձատրվող գիտնականներ են աշխատում մեր գիտական կազմակերպություններում՝ 2022 թվականից սկսած ամեն տարի գրանցելով հատկապես երիտասարդ գիտնականների թվի աճ։ Նորագույն գիտական սարքավորումների ձեռքբերմամբ՝ արդեն իսկ մեր երկրում են իրականացվում այն հետազոտությունները, որոնց համար նախկինում գիտնականները ստիպված էին մեկնել արտերկիր։
Փետրվարին Կառավարությունն ընդունեց որոշում՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում ընդլայնելու կրթության գծով սոցիալական կրեդիտների շրջանակը և ներառելով նաև արվեստի և մարզադպրոցները, ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, այդ թվում՝ մեծահասակների համար։ Որոշումն էապես խթանեց ոչ ֆորմալ կրթության միջավայրը. եթե նախկինում մեկ տարվա ընթացքում երաշխավորման էր ներկայացվում ոչ ֆորմալ կրթության առավելագույնը շուրջ 50 ծրագիր, ապա այս որոշումից հետո երաշխավորվել է շուրջ 800 ծրագիր՝ ավելի քան 10 անգամ ավելի, քան նախկինում՝ մեկ տարում։ Հազարավոր մարդիկ այս մեխանիզմից օգտվում են, ինչն էլ դառնում է մեծահասակների և ոչ ֆորմալ կրթության զարգացման հրաշալի մեխանիզմ:
Մարտին Կառավարությունն ընդունեց և Ազգային ժողով ներկայացրեց «Մշակութային աճուրդների մասին» օրենքը, որով մշակույթի ոլորտում տնտեսականացման նոր հնարավորություն է ստեղծվում: Տարեվերջին արդեն ընդունված է ոչ միայն օրենքը, այլև աճուրդների կարգը: Դրանք 2026 թվականից հնարավոր են դարձնում բուն աճուրդների գործարկումը։ Այս տարի նույնպես ուշադիր էինք արտերկրի աճուրդներին՝ գտնելու և ձեռք բերելու բացառիկ մշակութային արժեքներ մեր թանգարանների համար։ Այս տարի ավելի քան 92 մլն դրամով ձեռք բերվեց և Մատենադարանին փոխանցվեց Սարգիս Շնորհալու 13-րդ դարի արժեքավոր ձեռագիրը, արդեն տարեվերջին 175 մլն դրամով Բրիտանիայից գնվեց 12-րդ դարի հայկական եկեղեցու փայտե դռան փեղկը՝ փոխանցելու Հայաստանի պատմության թանգարանին, Հայաստանի ազգային պատկերասրահի համար էլ կրկին պետության միջոցներով ձեռք բերվեց Արշիլ Գորկու գործերից մեկը։
Ապրիլին Կառավարությունն ընդունեց «Կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգը». տարին ավարտում ենք՝ ունենալով կինոարտադրության 9 հայտ, որոնցից երկուսն արդեն հաստատված են։ Կինոյի ոլորտում պետության քաղաքականությունը տալիս է հստակ արդյունքներ. Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» բաժնում, իսկ «Արտոյի երկիրը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ներկայացվել է Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնում՝ որպես բացման ֆիլմ։ Նատալիա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ ծրագրում և արժանացել երրորդ մրցանակի, նույն ֆիլմը Սարաևոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակի, իսկ Թեհրանի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակի: Զաքար Դեմիրճյանի և Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում: Այս բոլոր հեղինակները դրանով իսկ դարձել են նաև պետության կողմից դրամական խրախուսման ծրագրի շահառու՝ ի ճանաչում իրենց ձեռքբերումների։
Մայիսին նշեցինք Թանգարանների միջազգային օրը և թանգարանային գիշերը, որոնց միացան ավելի քան 100 թանգարաններ և տասնյակ հազարավոր այցելուներ։ Թանգարանային գիշերը դարձել է թանգարանային հերթերի գիշեր։ Ընդհանուր առմամբ՝ մեր թանգարաններն ավելի քան կրկնապատկել են իրենց սեփական եկամուտները 2022 թվականի համեմատ, իսկ միջազգային համագործակցությունն ընդլայնվում է. Հայաստանի ազգային պատկերասրահը հայկական իմպրեսիոնիզմը ցուցադրեց Ֆրանսիայում, Պատմության թանգարանը հյուրընկալեց Լուվրի ցուցանմուշները, հերթում Բեռլինի, Ակրոպոլիսի և այլ թանգարանների հետ համագործակցությունն է։ Էլեկտրոնային տոմսային համակարգը տեսանելի և թափանցիկ է դարձնում թանգարանների գործունեությունը, ձևավորում համագործակցության նոր հնարավորություններ։
Հունիսին առաջին անգամ անցկացվեց Դպրոցականների բասկետբոլի լիգան, որին մասնակցեցին ավելի քան 8000 երեխաներ։ Ընդհանուր առմամբ՝ տարվա ընթացքում Վարչապետի գավաթի շրջանակում անցկացվեցին մրցաշարեր վեց մարզաձևից՝ սեղանի թենիս, թիմային խճուղավազք, թիմային հեծանվավազք, բասկետբոլ, այս տարի առաջին անգամ նաև՝ դպրոցականների մրցաշար լողից և վոլեյբոլի լիգա. ավելի քան 29 հազար դպրոցականներ, ինչը նախորդ տարվա արդյունքի կրկնապատիկն է։ Միաժամանակ, պետությունը շարունակեց և ընդլայնեց շատ կարևոր մի ծրագիր՝ ֆինանսավորելով երեխաների լողի պարապմունքները մարզերում գործող մասնավոր լողավազաններում։ 2026 թվականից լողին կմիանան նաև այլ մարզաձևեր։
Հուլիսին Հայաստանի ևս երկու հայտեր ընդունվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան»։ Շուրջ 30 տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից որևէ նոր հուշարձան չէր գրանցվել՝ մնալով 90-ականներին գրանցված չորս հուշարձանների սահմաններում։ Այսօր արդեն չորսին գումարվել է ևս երեքը՝ ԿԳՄՍ նախարարության հետևողական և ինստիտուցիոնալ աշխատանքի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ՝ պետությունն ավելի քան տասնապատկել է հուշարձանների վերականգնման բյուջեն 2018 թվականի նկատմամբ։
Օգոստոսը և ամբողջ ամառը մշակութային էր. տեղի ունեցավ համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգը, որին ներկա գտնվեց ավելի քան 30 հազար հանդիսատես, որից շուրջ 15 հազարը՝ զբոսաշրջիկներ։ Ֆեստիվառին երեք տարբեր քաղաքներում մասնակցեցին շուրջ 60 հազար քաղաքացիներ, Ֆիլհարմոնիկը նվագեց մարզային ավելի քան 10 բնակավայրերում, Օպերային թատրոնը նոր խաղաշրջանը սկսեց Ստեփանավանից, Կապանում կազմակերպվեց հերթական երաժշտական փառատոնը. շարքը շարունակելի է: Այսինքն՝ մշակույթը Երևանից տեղափոխվում է մարզեր՝ դառնալով ավելի ու ավելի հասանելի։
Սեպտեմբերին իրենց դռները բացեցին նորակառույց դպրոցներն ու մանկապարտեզները։ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը դառնում է հանրային կյանքի վերափոխման ամենակարևոր ծրագրերից մեկը։ Այսօր արդեն պարզ է, որ առաջին 300 դպրոցներին հաջորդելու են մյուս 300-ը, իսկ մանկապարտեզները դառնալու են հասանելի բոլոր բնակավայրերի համար՝ հնարավոր դարձնելով Կրթության ռազմավարության մյուս կարևոր թիրախը՝ բոլոր հինգ տարեկանների համար պարտադիր դարձնել առնվազն մեկ տարվա նախադպրոցական կրթությունը։ Շարունակվել է նաև բոլոր դպրոցներին բնագիտական և տեղեկատվական լաբորատորիաների տրամադրումը. ավելի քան 800 դպրոցներ արդեն հագեցված են, մյուսների հագեցումը կավարտվի 2026 թվականին: Ամփոփել ենք քոլեջների և բուհերի ընդունելության արդյունքները։ Ընդ որում, այս տարի առաջին անգամ էլեկտրոնային հարթակում է կազմակերպվել օտարերկրյա ուսանողների ընդունելությունը, որի արդյունքում գրանցվել է ավելի քան 2100 դիմորդ կամ նախորդ տարվա դիմորդների թվից ավելի քան 600-ով կամ 40 տոկոսով ավելի։ Էապես աճել է քոլեջներ ընդունվող ուսանողների թիվը. այս տարի այն կազմել է ավելի քան 16000, ինչն իրոք աննախադեպ ցուցանիշ է։ Հատկապես ուրախացնում է, որ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ուղղություններով ուսանողների թիվը 2023 թվականի 874-ի համեմատ դարձել է 3040` ավելի քան կրկնապատկվելով՝ արձագանքելով պետության կողմից ամսական 50 հազար դրամ կրթաթոշակների քաղաքականությանը։ Էապես աճել են մանկավարժական ծրագրերին դիմողների և ընդունվողների թվերը. այս տարի մանկավարժական համալսարանը գրանցել է ավելի քան 2000 դիմորդ, 1970 հոգի ընդունվել է բուհ, ընդ որում՝ բնագիտական ուղղություններով ուսուցիչ դառնալու համար արդեն իսկ մրցութային ընդունելությունը դառնում է իրողություն։
Հոկտեմբերը բարձրագույն կրթության և ակադեմիական քաղաքի ամիսն էր։ Երևանում կազմակերպված միջազգային համաժողովը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ համախմբեց աշխարհի տարբեր երկրների և հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների, իսկ հանրապետության ավելի քան 10 քաղաքներում կազմակերպված հանրային արշավի մասնակից դարձան շուրջ 18 հազար մասնակիցներ՝ ակադեմիական քաղաքի շուրջ հանրային ներգրավվածությունը էապես բարձրացնելով։ Բուն ակադեմիական քաղաքում արդեն մաքրում ենք տարածքը, պեղում ենք պոտենցիալ հնագիտական վայրերը, ավարտում ենք տարբեր նախագծերը՝ անցնելով բուն իրականացման փուլ։ Հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը՝ դնելով ոլորտի ֆունդամենտալ ինստիտուցիոնալ բարեփոխումների նոր, գործնական փուլի մեկնարկը։
Նոյեմբերին կազմակերպվեց ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որին մասնակցեցին ավելի քան 7200 հոգի, նրանցից ավելի քան 67 տոկոսը հաջողությամբ հաղթահարեց ատեստավորումը՝ գրանցելով վարձատրության էական բարձրացում։ Այսօր արդեն հանրապետության ամեն երրորդ ուսուցիչն ատեստավորված է՝ ավելի քան 9100 հոգի։ Եվ այսօր մեր իրողության մասն են իրենց իսկ քայլերի արդյունքում բարձր վարձատրվող ուսուցիչները, որոնք վարձատրվում են 400, 500, 600, ընդհուպ՝ 700 հազար դրամով։ Հերթական փուլով ատեստավորվեցին նաև արվեստի և սպորտի դպրոցների մանկավարժները, քոլեջների դասախոսներն ու վարպետները, առաջին անգամ՝ հոգեբանները։ Մասնագիտական զարգացման ճանապարհով վարձատրության բարձրացումը դառնում է համընդհանուր գործիք կրթական համակարգում։
Դեկտեմբերին մեկնարկեց նախադպրոցական ծառայությունը մեկ տարեկան երեխաների համար։ Երևանի երկու մանկապարտեզներում մեկ տարեկան երեխաներն արդեն սպասված են: Օրերս ծրագիրը կմեկնարկի նաև Հրազդանում, Վանաձորում և Գյումրիում։ Հաջորդը վեց ամսական երեխաների նախադպրոցական ծառայության ծրագիրն է, որը կգործարկենք 2026 թվականին։ Մեր նպատակն է մսուրի ծառայությունները դարձնել հասանելի բոլոր խոշորացված համայնքներում։ Ընդհանուր առմամբ՝ երեխաների ընդգրկվածության ցուցանիշը նախադպրոցական կրթությունում արդեն իսկ 80 տոկոսից ավելին է։
Ողջ տարին՝ անկախ ամսից, նշանավորվեց սպորտային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված էական ներդրմամբ։ Այս տարի երեք ժամանակակից ստադիոնների մասին որոշում է կայացվել. վերակառուցվում է Վանաձորի ստադիոնը՝ այն դարձնելով 10 հազար տեղանոց ՈւԵՖԱ-ի չորրորդ կարգի ստադիոն: Համանման ստադիոն կկառուցվի Գետահովիտում, իսկ Վաղարշապատում՝ մասնավորի հետ համագործակցությամբ: Մասնավորի հետ սկսել ենք նաև մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման ծրագիրը.10 վորքաութ մարզահրապարակներ ենք բացել տարբեր մարզերում, ընդհանուր առմամբ՝ աշխատանքների շարքում ավելի քան 100 սպորտային ենթակառուցվածքներ են։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար։ 2025 թվականն ավարտվում է. այն մեր երկրի համար շատ կարևոր տարի էր՝ խաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել էր, ու հիմա բոլորիս խնդիրն է խնամքով ու հոգածությամբ ամրապնդել այդ փխրուն խաղաղությունը, ուժեղացնել այն մեր ամենօրյա աշխատանքով ու ամեն օրն ավարտել ճիշտ ուղղությամբ, ճիշտ ջանք դրած լինելու զգացողությամբ:
Շնորհավո՛ր Նոր տարի»։