Իրան. սպառնալիքներ դրսից և ընդվզումներ ներսում — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում՝ Մար-ա-Լագո առանձնատանն ընդունելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հերթական անգամ սպառնալիքներ Է հնչեցրել Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին, ասելով, որ ուրանի ապօրինի հարստացումը խստագույնս կպատժվի:

Նախկինում նա ասել Է, թե Իրանի վտանգավոր միջուկային կենտրոններն ամբողջությամբ ոչնչացվել են այս տարվա հունիսին ամերիկացիների և իսրայելցիների 12-օրյա օդային օպերացիայի ընթացքում, սակայն Թեհրանը պատասխանել Է, թե վնասն այդ աստիճան մեծ չի եղել և Իրանը կարող Է շարունակել միջուկային ծրագիրը:

Երեկ Թրամփը չի բացառել հարկ եղած դեպքում ևս մեկ հարված հասցնելու հնարավորությունը, նկատել տալով, որ նոր հարվածը հունիսյան գրոհի համեմատությամբ ավելի հուժկու կլինի և հետևանքներն Էլ՝ ավելի սարսափելի:

«Ինչ վերաբերում Է Իրանին՝ հուսով եմ, որ նրանք չեն փորձում նորից հարստացված ուրան կուտակել, բայց եթե դա անեն, մեզ կմնա միայն ոչնչացնել այդ պաշարը, և դրան այլընտրանք չի լինի: Այսպիսով, հուսով եմ, որ նրանք դա չեմ անում՝ չնայած կան հաղորդագրություններ, թե զենք և այլ բաներ են կուտակում։ Եթե այնուամենայնիվ դա անում են, պետք Է գիտակցեն, որ մենք վառելիք ապարդյուն չենք ծախսի, ես թույլ չեմ տա, որ մեր B-2 ռմբակոծիչները 37 ժամ անիմաստ թռչեն և ահագին վառելիք վատնեն»,- ասել Է Թրամփը:

Նա հավելել Է, թե ամռանը Թեհրանին ընձեռել Է Իսրայելի հետ գործարքի գնալու հնարավորություն, բայց իրանական կողմը չի օգտվել դրանից:

Նախօրեին այս իրավիճակին Է անդրադարձել նաև Իրանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Էսմայիլ Բաղաեին, որը հերքել Է ուրանի հարստացումը վերսկսելու մասին մեղադրանքը:

«Սիոնիստական ​​ռեժիմը ժամանակ առ ժամանակ որևէ պատրվակ է գտնում Իրանի և տարածաշրջանի այլ երկրների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Մենք ուշադիր հետևում ենք ռեժիմի քայլերին, պատրաստ ենք հակազդել ագրեսիային և վստահ ենք, որ նման արկածախնդրության ցանկացած կրկնություն այդ ռեժիմի համար կունենա 12-օրյա մարտերի համեմատությամբ շատ ավելի դաժան հետևանքներ»,- ասել Է ԻԻՀ ԱԳՆ խոսնակը:

Մինչդեռ, բուն Իրանում այս տարվա վերջին օրերին սոցիալական վիճակը կտրուկ սրվել Է: Ազգային տարադրամի՝ ռիալի փոխարժեքի աննախադեպ անկումը հանրության զայրույթն Է հարուցել, հազարավոր մարդիկ լցվել են փողոցներ:

Ցուցարարները վանկարկում են «Մա՛հ Խամենեիին»: Իրավապահները չեն ցանկանում կոշտ արձագանքել՝ նոր առճակատում չհրահրելու համար:

Պետական լրատվամիջոցները հաղորդել են կենտրոնական բանկի նախագահ Մոհամադ Ֆարզինի հրաժարականի մասին:

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներքին գործերի նախարար Էսքանդեր Մոմենիին հանձնարարել Է «երկխոսություն սկսել ցուցարարների հետ»:

Ենթադրվում Է, որ կենտրոնական բանկի ղեկավարումը կստանձնի ֆինանսների նախկին նախարար Աբդոլնասեր Հեմաթին: Վերջինս խորհրդարանում հայտարարել Է, թե պետք Է հակազդել Վաշինգտոնի քայլերին:

«Մենք թույլ չենք տա, որ այս երկիրը խոնարհվի նախագահ Թրամփի գործադրած ճնշման և ահաբեկչական քաղաքականության առաջ»,- ասել Է նա:

Ամեն անգամ երբ Իրանում ընդվզումներ են սկսվում՝ իշխանությունները սկսում են պնդել, թե դրանց թիկունքում սիոնիստներն են և Սպիտակ տունը:

Անցած երեք տարում 1 ԱՄՆ դոլարի գինն Իրանում գրանցել Է 219 տոկոսի աճ, այս օրերին 1 դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմել Է  մոտ 42 հազար իրանական ռիալ Է, սակայն «սև շուկայում» այն հասնում Է 1 միլիոն 400 հազար ռիալ:

Նման հարվածը, բնականաբար, չԷր կարող հունից չհանել բնակիչներին, հատկապես շարքային մարդկանց ու մանր վաճառականներին, որոնց զգալի մասն առանց այն Էլ դժվարությամբ Է ծայրը ծայրին հասցնում:  

Leave a Comment