Newday.am-ին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայկական համայնքների անդամները փոխանցել են դիմում, որը ուղղված է Ամենայն Հայոց կաթողիկոսին՝
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայկական համայնքների անդամների՝ Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ զավակների դիմումը Ամենայն Հայոց Գերագույն Պատրիարք և Կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Բ-ին (ներկայացվում է կրճատ ձևով)
Մեզ համար անակնկալ և ցավալի էր տեղեկանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ժողովի տասը բարձրաստիճան հոգևորականների անընդունելի վերաբերմունքի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Նրանք, տեղի տալով ՀՀ իշխանությունների անբարոյական և ստոր ճնշումներին, դավադրաբար հրաժարվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի Լույսի Վկայարանի ուխտից։
Մեզ համար ցավալի և նվաստացուցիչ է, որ այդ տասի թվում հայտնվել է նաև արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը՝ մեր թեմի հոգևոր առաջնորդ նշանակված անձը, որը նշանակման առաջին իսկ օրերից չի թաքցրել իր համակրանքն ու հովանավորությունը ՀՀ գործող վարչապետի հակազգային և հակաեկեղեցական քաղաքականության նկատմամբ։ Դրա վառ օրինակն էր այս տարվա փետրվարին ՀՀ վարչապետի ընդունելությունն ու բարեմաղթանքները Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որին մասնակցում էր նաև հայր Խոսրովը։
Չնայած Բալթյան երկրների հայկական համայնքները որոշել էին չողջունել Հայաստանի Հանրապետության վարչապետին, արքեպիսկոպոս Վազգենը, մեր կամքին հակառակ, գնաց այդ անխոհեմ քայլին՝ նվաստացնելով Բալթյան երկրներում ապրող հազարավոր հայերի։ Այժմ նա կառավարական մամուլում վարում է քարոզչական գործունեություն՝ որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի թեկնածու, ինչը առավել ևս զայրացնում և մտահոգում է Բալթյան երկրների հայությանը։
Արդեն մեկ տարի է անցել թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնելուց, սակայն կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։ Ընդհակառակը՝ նա աջակցել և ֆինանսավորել է եպիսկոպոս Վարդանի կողմից իրականացվող քայքայիչ գործողությունները Բալթյան երեք երկրների համայնքներում։
Այս ոչ հայրենասիրական և հակամայրաթոռ գործողությունները կանգնեցնելու համար մենք առաջարկում ենք հետ կանչել արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանին, հայր Խոսրովին, եպիսկոպոս Վարդանին և նրանց նկատմամբ կիրառել արժանի պատիժ՝ պահանջելով փոխհատուցում մեր հավատացյալներին և համայնքներին պատճառված նյութական վնասների համար։ Հույս ունենք, որ մեր բողոքն ու պահանջը կստանան արդար լուծում Նորին Սրբություն Պատրիարքի կողմից, և ապագայում մեր համայնքներում կլինեն արժանապատիվ հոգևոր սպասավորներ, իսկ ներկայում գոյություն ունեցող բոլոր խնդիրները կլուծվեն։
Նամակի տակ դրված են ստորագրություններ, ինչպես նաև կցված են լուսանկարներ՝ փաստերը հաստատելու համար։
Որդիական խոնարհությամբ ողջունում ենք Ձեզ, Նորին Սրբություն․
«Վերա» հայկական միության փոխնախագահ Ջ. Ռոստոմյան
Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադիր և կառուցող Ս. Տեր-Ավետիսյան
Վիլնյուսի Վարդան Մամիկոնյան եկեղեցու նախագահ Ս. Սուքիասյան
Լիտվայի Սուրբ Վարդան եկեղեցու հիմնադիր և բարերար Ս. Սերգեև