Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի 2025 թվականի ամփոփագիր

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը ստեղծվել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Երևանում։ Կենտրոնի կազմում ընդգրկված են Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը (1938թ.), Հայաստանի պարի պետական անսամբլը (1958թ.), Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթը (1974թ.), Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը (1987թ.) և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (2005թ.)։

Կազմակերպության գործունեության հիմնական և կարևոր նպատակն է հայկական երաժշտության և պարարվեստի ոլորտներում միասնական մշակութային գործունեության իրականացումը, մասնավորապես՝ կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը, միջազգայնացումը, հանրային վարկանիշի բարձրացումը, մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը հայկական ժողովրդական արվեստին և, որ ամենակարևորն է՝ հայկական արվեստը ներկայացնող վաստակաշատ անսամբլների աշխատանքային պայմանների բարելավումը, գործունեություն իրականացնելու համար սեփական տարածքի տրամադրումը։

ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնին հատկացվեց սեփական տարածք, որտեղ արդեն աշխատում և ստեղծագործում են կենտրոնի վարչակազմը, Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթը և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը։ 2025 թվականին իրականացվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ, որոնք հետագայում հնարավորություն կտան ունենալ ժամանակակից լուծումներով և արդի պայմաններին համապատասխան տարածք։

2025 թվականին Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն իրականացրել է 85 համերգ, որից՝ 58-ը Երևանի թատերահամերգային դահլիճներում, 11-ը՝ մարզերում, 16-ը՝ արտերկրում։

Տարին նշանավորվել է հոբելյանական միջոցառումների իրականացմամբ, մասնավորապես՝ հայ երգի երախտավոր և ականավոր գործիչ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը, հայ երգի թագուհի Օֆելյա Համբարձումյանի 100-ամյակը, հայ պարարվեստի ականավոր գործիչ, բալետմայստեր Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակը, ինչպես նաև Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի ստեղծման 20-ամյակը։ Միաժամանակ համերգներով նշվել են Հին հայկական Նոր տարին, Պարի միջազգային օրը և Կանանց մեկամսյակը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Պարի միջազգային օրը նշանավորվել է նոր ձևաչափով․ ավելի քան 700 հոգի մասնակցել է Քոչարիի բացօթյա ֆլեշմոբին։

Հավատարիմ մնալով մշակույթի ապակենտրոնացման պետական քաղաքականությանը՝ ազգային կենտրոնը համերգային ծրագրերով հանդես է եկել հանրապետության մարզերում։

Տարին հագեցած է եղել նաև հայկական կատարողական արվեստի միջազգայնացման գործընթացով։ Իրականացվել են միջազգային համագործակցություններ, համերգային շրջագայություններ և մասնակցություններ փառատոների ու համաշխարհային ցուցահանդեսների։

Հայկական կատարողական արվեստի միջազգայնացման նպատակով իրականացվել են կրթամշակութային ծրագրեր, ձեռք են բերվել նոր համագործակցություններ և պայմանավորվածություններ։

Տարին նշանավորվել է նաև ստեղծագործական նոր բեմադրություններով, վերականգնումներով, երաժշտական մշակումներով, նոր բեմական հագուստների ստեղծմամբ և լուսային ծրագրերի թարմացմամբ։

Ազգային կենտրոնում իրականացվել է մասնագիտական որակավորման քննություն, որի արդյունքում կատարվել է հաստիքների օպտիմալացում և աշխատավարձերի բարձրացում։ Ներդրվել է ելույթավճարային խրախուսման համակարգ։

Ընդլայնվել է համագործակցությունների շրջանակը պետական, համայնքային, միջազգային և մասնավոր կառույցների հետ։ Շարունակվել է ակտիվ համագործակցությունը հայաստանյան և օտարերկրյա լրատվամիջոցների հետ։

Նշանավորվել է համագործակցությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ։

Սոցիալական ցանցերի պաշտոնական էջերի մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է հետևորդների և դիտելիության զգալի աճ։

Շարունակվել է համագործակցությունը ՀՀ միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ։

Իրականացվել են աշխատանքներ թվային արխիվի ստեղծման ուղղությամբ։

Ստեղծվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնին կից Ժողովրդական երաժշտարվեստի և պարարվեստի լիցենզավորված ստուդիան։

Leave a Comment