30 դեկտեմբերի 2025 – 12:07 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման մասին՝ հայտարարել ով, որ իրեն հաջողվել է գրեթե 1 օրում հասնել դրան։ Այդ մասին Թրամփը խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։
«Պուտինն ինձ ասաց․ «Չեմ կարող հավատալ, որ դուք կարգավորեցիք այս պատերազմը, ես 10 տարի փորձում էի դա անել»։ Իսկ ես դա արեցի բառացիորեն մեկ օրում», — հայտարարել է Թրամփը։
Նա ասել է, որ հասել է դրան շնորհիվ առևտրի։
«Ես նրանց ասացի, որ երկուսն էլ կզրկվեն առևտրից։ Ես ասացի՝ ձեզ կկտրենք առևտրից և 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանենք։ Հաջորդ օրը նրանք զանգահարեցին և ասացին՝ «լավ»։ 35 տարվա հակամարտություն էր, բայց նրանք ընդունեցին»,- ասել է Թրամփը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։