Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կոշտ պատասխան կստանա․ Խամենեիի խորհրդական

Իրանը կոշտ և անհապաղ կարձագանքի երկրի դեմ ուղղված ցանկացած ագրեսիվ գործողության․ այս մասին գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին X սոցցանցում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Թեհրանի դեմ ուժի հնարավոր կիրառման մասին։

Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանական դոկտրինը սահմանում է մի շարք պատասխան միջոցառումներ՝ նույնիսկ նախքան սպառնալիքների իրականացումը։

«Իրանի հրթիռային և պաշտպանական կարողություններն անվերահսկելի են և թույլտվություն չեն պահանջում։ Ցանկացած ագրեսիա կարժանանա անհապաղ և կոշտ պատասխանի, որը կգերազանցի դրա հեղինակների սպասումները»,- նշել է Շամխանին։

Ավելի վաղ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, բայց չի բացառում ուժի կիրառումը, որի հետևանքները, նրա խոսքով, ավելի ծանր կլինեն, քան միջուկային օբյեկտներին հարվածելը:

Leave a Comment