Նիգերիայի նախագահը ցավակցել է Էնթոնի Ջոշուայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ

Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն ցավակցություն է հայտնել բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուայի մասնակցությամբ Նիգերիայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով մահացել են մարզիկի մտերիմ ընկերները։ Այս մասին ասվում է տեղեկատվության և ռազմավարության հարցերով պետության ղեկավարի հատուկ խորհրդական Բայո Օնանուգայի հայտարարության մեջ։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Էնթոնի Ջոշուայի հետ՝ անձամբ հայտնելու իմ ցավակցությունները նրա երկու գործընկերների մահվան կապակցությամբ։ Նրան մաղթել եմ ամենայն բարիք և աղոթել նրա համար։ Նա վստահեցրեց, որ հիվանդանոցում իրեն ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Զրուցել եմ նաև Ջոշուայի մոր հետ և աղոթել նրա համար։ Նա շատ երախտապարտ էր զանգի համար»,- Տինուբուի խոսքերն է փոխանցել նրա խորհրդականը։

Զոհվածների ընտանիքներին X սոցիալական ցանցում ցավակցություն է հայտնել նաև երկրի արտաքին գործերի նախարար Յուսուֆ Տուգարը․

«Մտքերով Էնթոնի Ջոշուայի հետ եմ՝ Լագոս-Իբադան մայրուղու վրա տեղի ունեցած ողբերգական վթարից հետո, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ մարզիկը վնասվածքներ է ստացել։ Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և Էնթոնիին մաղթում շուտափույթ ապաքինում։ Նրա տոկունությունն ու ավանդը շարունակում են ոգեշնչել շատերին, և այս պահին ողջ երկիրը սատարում է նրան։ Թող հանգուցյալների հոգիները խաղաղությամբ ննջեն»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան Lexus մակնիշի ամենագնացը, որում գտնվել են Ջոշուան, վարորդը և ևս երկու ուղևոր, բախվել է կայանված բեռնատարին։ Դեպքը տեղի է ունեցել Լագոս-Իբադան արագընթաց մայրուղու բանուկ հատվածում։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մայրուղին համարվում է Նիգերիայի ամենավտանգավոր ճանապարհներից մեկը։ Հետևի նստատեղին գտնվող Ջոշուան թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Նշենք, որ 36-ամյա Ջոշուան ծնվել է Ուոթֆորդում՝ նիգերիական արմատներով ընտանիքում։ Վաղ մանկությունն անցկացրել է Նիգերիայում, այնուհետև վերադարձել Անգլիա՝ ուսումը շարունակելու։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Ջոշուան գրանցել է 29 հաղթանակ և կրել 4 պարտություն։ Նա տիրապետել է IBF, WBA, WBO և IBO վարկածներով չեմպիոնական գոտիներին։ Իր վերջին մենամարտում, որը կայացել էր դեկտեմբերի 19-ին, Ջոշուան նոկաուտի էր ենթարկել Փոլին։

Leave a Comment