Քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանի խոսքով՝ 2025 թվականին Հայաստանն ամբողջ տարին ապրեց խաղաղության մեջ, որը, թերևս, ամենակարևոր ձեռքբերումներից է, և 2026-ը Հայաստանի համար շրջադարձային է լինելու:
Վերջինս ասում է՝ 2025-ին ականատես եղանք ՀՀ ԶՈՒ-ի կարողությունների ընդլայնմանը, պաշպանողականության ամրապնդմանը, կարևորագույն ճեղքումներ եղան դիվանագիտության մեջ, դիցուք՝ օգոստոսի 8-ի փաստաթղթերի ստորագրումը: ԵՄ-ի հետ ևս ձեռքբերումներ կան:
Առաքելյանը կարծում է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանին որոշակի անվտանգային բարձիկներ կտա, և 2026-ը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով շրջադարձային կլինի:
«Մեր տարածաշրջանում խաղաղության բանալին գտնվում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման մեջ»,- ընդգծում է նա:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ քաղաքագետն ասում է՝ եթե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցեն այն ուժերը, որոնք ՀՀ-ն տեսնում են գուբերնիայի կարգավիճակում, ապա ընտրությունները կլինեն նաև քաղաքակրթական, քանի որ այդ ուժերի նպատակը ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկելն է. «2026 թվականի ընտրությունները լինելու են խաղաղության և պատերազմի»:
Մեկնաբանելով «Մեր ձևով» շարժման անդամների այն հայտարարությունները, թե Հայաստանին ուժեղ բանակցող է հարկավոր, Առաքելյանը նկատում է. «Եթե ուժեղ բանակցող իրենց նկատի ունեն կամ հոպարին, քեռուն, ապա ականատես չենք եղել դիվանագիտության մեջ էս մարդկանց ուժին: Նարեկի հորեղբայրը ՌԴ-ում պիտի հարց լուծեր, բայց ադրբեջանցիներն ավելի արդյունավետ լուծեցին, ընդամենը իրենց գովում են»:
Ըստ զրուցակցի՝ այս մարդիկ կտրված են իրականությունից. «Գումարով ընտրություն հաղթելը մեզ բերեց հանգեցրեց էն կետին, որից հետո տեղի ունեցավ էն, ինչ տեղի ունեցավ: Կոռուպցիան՝ իր բոլոր դրսևորումներով, ոչնչացնում է պետության հիմքերը և դիմադրողականությունը: Այն պետք է համարենք մեր գլխավոր թշնամին: Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը չպետք է լինի պրախադնոյ դվոր, որ ինչ-որ մեկը գումարով խոպանից գա Հայաստանում որոշի զբաղվել քաղաքականությամբ, դրանով էլ ազդեցություն ունենա: Սա ուղիղ քաղաքական կոռուպցիա է»,- ասում է նա:
Էդգար Առաքելյանի խոսքով՝ ժամանակին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիոն համարողները այսօր այն դարձրել են սրբություն սրբոց. «Եթե այս մարդիկ գան իշխանության, Ղարաբաղի ճակատագիրը Հայաստանին է սպասվում: Ռուսաստանի հետ կապված բոլոր հույսերը էս մարդկանց տանելու են ադրբեջանական բանտեր: Հիմա էս մարդիկ ադրբեջանական բանտերի պուտյովկա են ստորագրում՝ նամակ գրելով»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
180 դիտում