2024-ին Հայաստանում թողարկված արդյունաբերական արտադրանքի 14%-ն արտադրվել է Սյունիքում։ Գյուղատնտեսական արտադրանքին բաժին է ընկնում ընդհանուրի 5.8 տոկոսը։ Սյունիքում միջին աշխատավարձն ավելի բարձր է, քան մայրաքաղաքում։ Այս տվյալները նշվել են մարզի խորհրդի ընդլայնված նիստում։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է ամփոփել տարին՝ անդրադառնալով նախորդ տարվա արդյունքներին և հաջորդ տարվա անելիքներին։
Սյունիքի մարզխորհրդի 2025թ․-ի վերջին՝ ընդլայնված նիստի օրակագում 4 հարց է՝ համայնքային բյուջեների եկամուտներ, դրանց հավաքման հետ կապված խնդիրներ, մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրեր ու 2026–ին նախատեսվող աշխատանքներ։ Մինչ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները պատրաստվում են ներկայացնել իրենց զեկույցները՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարում է մարզի խորհրդի նիստն այլ ձևաչափով անցկացնելու մասին։ Օրակարգային բոլոր հարցերն ինքն է ներկայացնելու՝ մեկ զեկույցով։
Մարզի համայնքների սեփական եկամուտները դեկտեմբերին կազմել են 4 միլիարդ 185 մլն դրամ՝ նախատեսված 4 միլիարդ 285 մլն դրամի փոխարեն։ Կատարողականն այս պահին 98 տոկոս է՝ ասում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Քանի որ տարեվերջ է, ես չեմ առանձնացնում վատ ու լավ համայնքները՝ ըստ հավաքագրման տոկոսների։ Չեմ ասում, որովհետև մենք այնուամենայնիվ ունենք հավաքագրման 98 տոկոս, որը լավ ցուցանիշ է»։
Սյունիքում ընթացքի մեջ է սուբվենցիոն 27 ծրագիր։ Դրանցից 21-ում պետության մասնաբաժինը կազմել է 2 մլրդ 515 մլն դրամ։ Հյուսիս–հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ-ոց հատվածի կառուցման նպատակով իրացվել է 19,6 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, մարզում այս տարի կատարվել է մոտ 11 մլրդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանք։ 39 դպրոցներից 4-ի շինարարությունն ավարտվել է, 27-ն ընթացքի մեջ է՝ 48,5 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ, 8-ի կառուցումը դեռ չի սկսկվել։ Սուբվենցիոն ծրագրով կառուցվել, վերակառուցվել և հիմնանորոգվել 12 մանկապարտեզ, տարբեր ծրագրեր են իրականացվել առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում, մարզում ներդրումներ են արել նաև միջազգային կառույցները։ Նախորդ տարվա գյուղատնտեսական համախառն արդյունքի 5,8%–ը բաժին է ընկել Սյունիքին՝ ասում է մարզպետը։
«Ծրագրերը բարձր տոկոսով իրականացվել են, վստահ եմ, որ 2026-ը էլ ավելի լավ է լինելու, մի բան փաստ է, որ ծրագրերը գնալով շատանում են, ու Սյունիքի մարզում ռեկորդ են դառնում»։
Նախակրթարանների կառուցում, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգում, ոռոգման ցանցերի արդիականացում։ Ցուցանիշը գոհացնող է նաև արդյունաբերության ոլորտում։ 2024-ին արդյունաբերական արտադրանքի 14%-ն արտադրվել է Սյունիքում։ Համեմատության համար նշենք, որ Երևանի ցուցանիշը 45 % է։ Մարզպետը հիշեցնում է՝ Սյունիքում աղքատության մակարդակը ցածր է։ Միջին ամսական աշխատավարձը 343 հազար դրամ է , Երևանում՝ 339 հազար։
2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում Սյունիքի մարզից 18 ընկերություն կա, որոնք միասին պետբյուջե են մուտքագրել 67,8 մլրդ դրամ։
«Տարվա դրական անակնկալը ԶՊՄԿ-ի ծավալներն էին ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի վերելքը, որ իրենք հայտնվեցին խոշոր հարկատուների առաջնային հորիզոնականներում։ Սա խոսում է այն մասին, որ Սյունիքում արդեն կայունություն կա»։
Ըստ մարզպետի՝ տնտեսական կայունությանը նպաստել է նաև խաղաղության օրակարգը։ Իսկ նիստի վերջին հատվածն անցնում է փակ ռեժիմով․ քննարկվում են անվտանգային հարցերը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողներին առաջարկում է լքել նիստերի դահլիճը՝ մինչև այդ չմոռանալով շնորհավորել նրանց։
«Մաղթում եմ խաղաղություն, սա ամենակարևորն է, երջանկություն բոլորին ու միասնություն, որը միակ նախապայմանն է փորձությունները հաղթահարելու համար»։