Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարով չի լքի իսպանական գրանդը՝ 2025/2026 մրցաշրջանի երկրորդ հատվածում ավելի շատ խաղաժամանակ ստանալու նպատակով։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն և ղեկավարությունը Ֆրանկոյին դիտարկում են որպես ընթացիկ նախագծի առանցքային խաղացող։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մաստանտուոնոն կարող է վարձավճարով հեռանալ՝ Արգենտինայի հավաքականի կազմում Աշխարհի առաջնության հայտացուցակում հայտնվելու շանսերը մեծացնելու համար։ Նշվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին», որը պատրաստ էր վճարել 50 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Մաստանտուոնոն «Ռեալի» շարքերը համալրել է 2025 թվականի օգոստոսին։ Իսպանացիները երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար արգենտինական «Ռիվեր Փլեյթին» վճարել են 45 մլն եվրո։ Մադրիդյան ակումբի կազմում անցկացրած 14 խաղում նա դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 մլն եվրո։