
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ, որը կայանալու է այսօր երեկոյան, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կփորձի Վաշինգտոնի համաձայնությունը ստանալ իրանական հրթիռային կայաններին հարվածներ հասցնելու համար, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ թերթի՝ Նեթանյահուն շարունակում է Իրանը դիտարկել որպես Իսրայելի շահերի համար տարածաշրջանային սպառնալիք և մտադիր է ԱՄՆ-ի համաձայնությունը ստանալ կա՛մ Իսրայելի ռազմական հարվածների, կա՛մ ամերիկյան ուժերի ուղղակի միջամտության համար: Իսրայելի վարչապետը նաև կփորձի համոզել իր գործընկերոջը ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Գազայի հատվածի հարցում և երաշխիքներ ապահովել Համասի ստորաբաժանումների զինաթափման համար, ինչի մասին նշված է Թրամփի խաղաղության ծրագրի երկրորդ փուլում:
Ինչպես նշում է WP-ն, Նեթանյահուն, հավանաբար, չի հասնի իր նպատակներին, քանի որ ամերիկացի առաջնորդը ներկայումս ձգտում է խուսափել Մերձավոր Արևելքում լարվածության սրումից:
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ: Միացյալ Նահանգները հունիսի 22-ին մտավ հակամարտության մեջ՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում: Հաջորդ օրը Իրանը հարձակվեց Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա, որը Մերձավոր Արևելքում ամենամեծ ամերիկյան ավիաբազան է։ Դրանից հետո Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։