Հարցում․ 37․1 %-ը մտահոգված է անվտանգային խնդիրներով, ըստ 56․8%-ի՝ ՀՀ–ն սխալ ուղղությամբ է գնում

Հարցում․ 37․1 %-ը մտահոգված է անվտանգային խնդիրներով, ըստ 56․8%-ի՝ ՀՀ–ն սխալ ուղղությամբ է գնում

29 դեկտեմբերի 2025 – 16:07 AMT

PanARMENIAN.Net – GALLUP International Association-ի հայաստանյան անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Հայաստանի բնակիչների 37․1 տոկոսը երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը համարում է անվտանգային իրավիճակը։

Աշխատավարձերի ու թոշակների ցածր մակարդակն առաջնային մտահոգություն է 23.4 տոկոսի համար, իսկ 13.8%-ը կարևորել է երկրի ընդհանուր տնտեսական վիճակը։ Գործազրկությունը որպես հիմնական խնդիր դիտարկում է հարցվածների 13.3 տոկոսը, գնաճն ու ինֆլյացիան՝ 12 տոկոսը, իսկ կրթական համակարգի խնդիրները մտահոգել են 11.3 տոկոսին, հայտնում է «Առավոտը»։

Հարցվածների միայն 3 տոկոսն է գերակայություն տվել գերիների վերադարձի հարցին։ Պետություն-եկեղեցի հարաբերությունների սրումը որպես առաջնային խնդիր առանձնացրել է 4․7 տոկոսը։ Արցախյան հարցն իր կարևուրությամբ տեղ է գտել հարցվածների ընդամենը 2․5 տոկոսի մոտ։

Հարցվածների 34․7%-ը կարծում է, որ Հայաստանում ամեն ինչ սխալ ուղղությամբ է գնում, 22․1%-ի կարծիքով՝ ավելի շուտ սխալ ուղղությամբ է գնում: 13․6%–ը համոզված է, որ Հայաստանում ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է գնում:

Հարցվածների զգալի հատվածը՝ 32 տոկոսը, գնահատել է, որ վերջին ամիսներին Հայաստանում տարածված են անտարբերություն և ապատիա։ Մյուս 31 տոկոսը նշել է լարվածության և ագրեսիայի մթնոլորտի առկայությունը։ Միայն 9․8 տոկոսն է արձանագրել դրական տրամադրություն հանրության մեջ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment