«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ միայն վնասվածքները կարող են խոչընդոտել իրեն՝ հասնելու պրոֆեսիոնալ կարիերայում 1000 գոլի նշաձողին։ Այս պահին 40-ամյա պորտուգալացին իր ակտիվում ունի 956 գոլ։
«Որտեղ էլ որ խաղամ՝ Մերձավոր Արևելքում, թե Եվրոպայում, ես միշտ ցանկանում եմ տիտղոսներ նվաճել և հասնել այն թվին, որի մասին բոլորդ գիտեք։ Վստահ եմ, որ կհասնեմ դրան (1000 գոլի), եթե վնասվածքներ չլինեն»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Նշենք, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, Եվրոպայի չեմպիոն, Ազգերի լիգայի կրկնակի գավաթակիր։ Նա նաև ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների և Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է։
Ակումբային կարիերայի ընթացքում Ռոնալդուն պաշտպանել է «Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» և «Յուվենտուսի» գույները, իսկ այժմ հանդես է գալիս սաուդյան «Ալ-Նասրում»։ Կրիշտիանուն Պորտուգալիայի հավաքականի ավագն է, որն արդեն նվաճել է 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։