Էմանուել Ճգնավորյանը՝ «Տարվա միլանցի» կոչման թեկնածու

29 Դեկտեմբերի 2025, 13:18

Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր մաեստրո Էմանուել Ճգնավորյանը, ով 2024 թվականին ստանձնել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարումը, հայտնվել է «Տարվա միլանցի» կոչման թեկնածուների թվում՝ ըստ Corriere della Sera պարբերականի ընթերցողների հարցումների։

Իտալական ամենահին և ազդեցիկ թերթերից մեկը նշել է «ոչ միայն դիրիժորի արտասովոր տաղանդը, այլև նրա ունակությունը՝ ավելի ու ավելի շատ մարդկանց մոտեցնելու դասական երաժշտության կախարդանքին»՝ ընդգծելով, որ «նրա ղեկավարությամբ Միլանի սիմֆոնիկ նվագախմբն անցել է բոլորովին նոր մակարդակի»։

Իտալական հանրահայտ մեկ այլ պարբերական՝ Il Giorno-ն, ծավալուն հոդված է նվիրել մաեստրոյի մասնակցությամբ համերգներին։ Դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին և հունվարի 1-ին Էմանուել Ճգնավորյանը և Միլանի սիմֆոնիկ նվագախումբը կկատարեն Լյուդվիգ վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան Միլանի լեգենդար Auditorium di Milano Fondazione Cariplo բեմում։

Էմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995 թվականին Ավստրիայում՝ հայ երաժիշտ և հասարակական գործիչ Լորիս Ճգնավորյանի ընտանիքում։ Առաջին անգամ Էմանուելը նվագախմբի հետ հանդես է եկել, երբ ընդամենը 7 տարեկան էր, իսկ համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 2015 թվականին՝ Յան Սիբելիուսի անվան միջազգային մրցույթում։ 28 տարեկանում նա ստանձնել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարի պաշտոնը, իսկ 2025 թվականի հոկտեմբերին հաջողությամբ դեբյուտ է ունեցել ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պաշտոնում փոխարինելով Քրիստոֆ Էշենբախին։

Leave a Comment