Հնդկաստանը մտադիր է արագացնել ինտեգրումը ԵԱՏՄ-ի հետ

Հնդկաստանը մտադիր է արագացնել ինտեգրումը ԵԱՏՄ-ի հետ

29 դեկտեմբերի 2025 – 11:43 AMT

PanARMENIAN.NetՀնդկաստանի իշխանությունները ցանկանում են ակտիվացնել երկխոսությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ՝ արագացնելու ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը։

«Բանակցությունները սկսվել են նոյեմբերին, տեղի է ունեցել առաջին փուլը։ Կասեի, որ երկու կողմերն էլ լավ պատկերացում ունեն այն մասին, թե ինչի ենք ցանկանում հասնել։ Եվ երկու կողմերն էլ ունեն քաղաքական կամք՝ այս նպատակի իրագործման համար։ Ուստի հույս ունենք արագ արդյունքի», – ասել է Կումարը, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»–ն։

Դիվանագետը նշել է, որ Հնդկաստանի հիմնական նպատակը երկկողմ առևտրում անհամամասնության վերացումն է ԵԱՏՄ երկրների հետ՝ հնդկական ապրանքների արտահանման ընդլայնման միջոցով։

Նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի ռուս տնտեսվարողներին արտոնյալ մուտք ստանալ շուկա, որի ծավալը մոտ 1.5 միլիարդ մարդ է։ Ռուսաստանը հատկապես շահագրգռված է Հնդկաստանի հետ տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնմամբ՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել իր արտահանումը։

Նոյեմբերի 28-ին Նյու Դելիում կայացել է ԵԱՏՄ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը։

Leave a Comment