Պարեկային և համայնքային ոստիկանության կարողությունները շարունակվում են զարգանալ․ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարի շրջանակում ամփոփել է վերջին շրջանում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով պարեկային ծառայության բարելավմանը և իրականացված աշխատանքներին։

Շարունակելով հանրային անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նախարարը նշել է, որ շարունակվել է ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացման գործընթացը։ Նրա խոսքով՝ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններն արդեն գործարկված են։ Նոյեմբերի 1-ից սկսել է գործել ոստիկանության գվարդիան, որը հասարակական կարգի և անվտանգության ապահովման տեսանկյունից հանդիսանում է նոր երաշխավոր և կարևոր դերակատար։

Նախարարը ընդգծել է, որ բարեփոխումների տրամաբանական վեկտորը միտված է նրան, որպեսզի չորս հենասյունային ուղղությունները համախմբված կերպով կարողանան ամբողջ պոտենցիալով գործել և ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ սպասարկելով անվտանգության ոլորտի տարբեր խնդիրներ։

Նա նշել է նաև, որ զարգացման իր ճանապարհը շարունակել է պարեկային ծառայությունը, որը ոստիկանության կառուցվածքում ձևավորված առաջին հենասյունային ուղղությունն է։ «Ուրախությամբ պիտի փաստեմ, որ պարեկային ծառայությունը իր զարգացման գործընթացը շարունակում է ճիշտ ճանապարհով»,- նշել է նա՝ հավելելով, որ մի շարք հանցագործություններ բացահայտվել են հենց պարեկների ներդրած ավանդի արդյունքում։ Ընդհանուր հանցավորության պատկերի համատեքստում շուրջ 11 հազար հանցագործություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ։

Պարեկները զգալի ներդրում են ունեցել նաև Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գործում՝ բացահայտելով ապօրինի ձկնորսությանը վերաբերող մի շարք դեպքեր և նպաստելով էկոհամակարգի կայուն ձևավորմանն ու պաշտպանությանը։

Նշվել է նաև, որ պարեկային ծառայողների համար առաջին անգամ տարեկան վերապատրաստումները դարձել են պարտադիր։ Ըստ նախարարի՝ այդ պահանջը ձևավորվել է քաղաքացիներից ստացված հետադարձ կապի հիման վրա, քանի որ տարվա ընթացքում հասարակության տարբեր շերտերի հետ շփումների ընթացքում կարող են ի հայտ գալ որոշ թերություններ կամ խնդիրներ։ Այդ դիտարկումները և քննադատությունները հիմք են հանդիսանում տարեկան վերապատրաստումների շրջանակում պարեկների հմտությունները կատարելագործելու և տարվա ընթացքում արձանագրված խնդիրները կարգավորելու համար։

Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ճիշտ աշխատանք է տարվել ոստիկանության հենասյունային երկրորդ և երրորդ ուղղություններով։ Մասնավորապես, համայնքային ոստիկանությունը շարունակել է իր գործունեությունը նոր կառուցվածքով և կառավարման նոր մոդելով։ Ընդգծվել է, որ ծառայությունը պետք է բեռնաթափվի ավելորդ ֆունկցիոնալից, որպեսզի համայնքների բնակիչներին հնարավոր լինի ավելի շատ ժամանակ հատկացնել և խնդիրները լուծել առավել օպերատիվ կերպով։

Պատկերացման համար նշվել է, որ տարեկան կտրվածքով համայնքային ոստիկանները ավելի քան 30 հազար ծանուցագիր են առաքել տարբեր հասցեատերերի, ինչի արդյունքում այդ ժամանակը չի տրամադրվել համայնքի հետ աշխատանքին։ Ներկայումս, ըստ նախարարի, այդ ժամանակը հնարավոր է ուղղել համայնքի բնակիչների հետ շփմանը և նրանց հուզող հարցերի քննարկմանը։

Կարևոր է համարվել նաև համայնքային ոստիկանության նկատմամբ վստահության աճի արձանագրումը։ Մասնավորապես, ընտանեկան բռնության դեպքերի շրջանակում քաղաքացիներն ավելի հաճախ սկսել են ահազանգել հենց համայնքային ոստիկաններին, այլ ոչ թե հասարակական կազմակերպություններին կամ ընտանիքի անդամներին։ Այս հանգամանքը, ըստ նախարարի, վկայում է համայնք–ոստիկան վստահության նոր մակարդակի ձևավորման մասին, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական կլինեն՝ ընդլայնելով համայնքային ոստիկան–քաղաքացի շփման դաշտը։

Leave a Comment