Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-2 աստիճանով։ Տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։ Այսինքն՝ մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք ու բավարար տեղումներով հունվար․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Հունվարի առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում գտնվելու է արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում։ Հատկապես հունվարի 3-4-ին, այս օրերի համեմատ, օդի ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով։ Այդ արկտիկական ցուրտ հոսանքները հանրապետությունում կմնան մինչև հունվարի 8-9-ը ներառյալ։
Երկրորդ և երրորդ տասնամյակներում հիմնականում հանրապետությունում կգերակշռեն հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի երկրորդ տասնօրյակից զգալիորեն կբարձրանա։