Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել ԵՄ առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններում։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նախկինում հայտնել էր, որ Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Լեհաստանի առաջնորդները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտյորեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մասնակցել են եվրոպացի առաջնորդների և Թրամփի ու Վլադիմիր Զելենսկու միջև զրույցին։
«Մենք մեկժամյա լավ հեռախոսազրույց ունեցանք Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների, մի շարք եվրոպացի առաջնորդների հետ՝ քննարկելու այսօրվա հանդիպումը խաղաղության բանակցությունների վերաբերյալ։ Լավ առաջընթաց է գրանցվել, որը մենք ողջունել ենք։ Եվրոպան (ԵՄ -ն՝ խմբ.) պատրաստ է շարունակել համագործակցել Ուկրաինայի և մեր ամերիկացի գործընկերների հետ՝ այս առաջընթացը ամրապնդելու համար։ Այս ջանքերի հիմնական տարրը առաջին օրվանից ժայռի պես ամուր անվտանգության երաշխիքներն են», – գրել է նա սոցիալական ցանցերում։