Նոր տարվա գիշերը ունենալու ենք կրկին մեծ ծավալով տեղումներ. Տիգրան Ավինյան

Դեկտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին 24-ժամյա ռեժիմով իրականացված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ այս փուլում դեռևս հանգստի ժամանակ չունեն։

«Իրապես այս անգամ մեր արձագանքը ավելի օպերատիվ է եղել, և ավելի պատրաստված ենք եղել։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մենք հենց Նոր տարվա գիշերը ունենալու ենք կրկին մեծ ծավալով տեղումներ, ամենայն հավանականությամբ սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք այս առումով, և մեր տեխնիկան ու մեր հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը լինի անցանելի։

Այնուամենայնիվ, ուզում եմ նաև արձանագրել, որ երկրորդային որոշ փողոցներում, մասնավորապես բարձրադիր հատվածներում, դեռևս ունենք խնդիրներ, և ես հասկանում եմ, որ ջերմաստիճանի կտրուկ անկման պարագայում շատ դեպքերում աղն ու ավազն էլ չի օգնում։ Այնուամենայնիվ, որոշակի գործողություններ արժե, կարծում եմ, պլանավորել դրանց հետ կապված, նամանավանդ որ մենք ունենք կրկին սպասվող տեղումներ, որովհետև եթե հիմա նույնիսկ դրանք անցանելի են, ունենք մերկասառույց, և որպեսզի թույլ չտանք այդ շերտը ավելանա, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը ասել է Ավինյանը։

Ավինյանը շնորհակալություն է հայտնել 24-ժամյա ռեժիմով իրականացված աշխատանքի համար․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր ծառայություններին, բոլոր աշխատակիցներին, ովքեր որ 24 ժամյա ռեժիմով աշխատեցին և դեռևս կաշխատեն նաև գալիք տեղումների ժամանակ»։

Leave a Comment