Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարի շրջանակում ամփոփել է վերջին շրջանում կատարված աշխատանքը և կարևորել միասնական կրթահամալիրի ձևավորումը։
«Պիտի փաստեմ, որ Ներքին գործերի նախարարությունը շուրջ երեք տարի է, ինչ շարունակում է իր գործունեությունը, և մեզ համար չափազանց կարևոր է շարունակել նախարարության ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհը և, ըստ այդմ, ուղի հարթել նոր հնարավորությունների և բավարարել այն ակնկալիքները, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նոր արդյունքներ տեսնելու տրամաբանություն։ Մենք շարունակում ենք զարգացնել Ներքին գործերի նախարարության կարողությունները և ձևավորել ներսից ամուր մշակույթ և ընդհանուր արժեհամակարգ ունեցող ինստիտուցիոնալ նոր կառույց, որն ունի միասնական առաջնահերթություններ և միասնական գործելաոճ», – ասել է նախարարը։
Կարևորելով ինստիտուցիոնալ զարգացումը՝ նախարարը նշել է. «Զարգացման ճանապարհին մենք շարունակում ենք նաև ենթակա բոլոր կառույցներում մեր ունեցած բարեփոխումների օրակարգերի իրականացումը, և առաջին հերթին ուզում եմ անդրադառնալ Ներքին գործերի նախարարության համակարգի կրթական բարեփոխումներին, որովհետև այն համոզմունքն ունեմ, որ բոլոր բարեփոխումների, բոլոր փոփոխությունների առանցքը կրթությունն է և վերափոխված նոր մոտեցումներով ծառայությունների մատուցումը»։
«Ըստ այդմ, այս տարվա ընթացքում հասցրել ենք ձևավորել Ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրը։ Այն, իհարկե, նոր շունչ և նոր ասելիք ունի Ներքին գործերի նախարարության համակարգի կադրերի պատրաստման պրոցեսի տեսանկյունից, որովհետև ճիշտ է՝ մենք տարիներ շարունակ ունեցել ենք կրթական տարբեր հաստատություններ և ամենևին չենք ժխտում այն ժառանգությունը, այն լավ դրական արդյունքները, որ ունեցել ենք այս կրթական հաստատությունների մատուցած ծառայությունների տեսանկյունից, բայց կարիք կա յուրաքանչյուր ժամանակին համահունչ ձևավորելու նոր մոտեցումներ և կրթական պրոցեսը կազմակերպելու դրան համապատասխան»։
«Ըստ այդմ, այս կրթահամալիրը նոր ոճով շարունակում է Ներքին գործերի նախարարության համակարգի ոստիկանների, փրկարար ծառայողների, քաղաքացիական ծառայողների պատրաստման և վերապատրաստման պրոցեսների կազմակերպումը, և նաև ուզում եմ փաստել, որ այս բոլոր փոփոխությունները, սիրելի քաղաքացիներ, ի վերջո պիտի ազդեցություն ունենան հենց ձեզ վրա, որովհետև բարեփոխումները ոչ թե արհեստականորեն այս կամ այն լուծման իմպլեմենտացումն է, այլ այդ լուծումը այնպես մատուցելը, այնպես կյանքի կոչելը, որ դրանց արդյունքները զգաք նաև դուք։ Հետևապես Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ձևավորումը ոչ թե կրթությունը որպես լավ ավանդույթ շարունակելն է, այլ կրթությունը կազմակերպել այնպես, որ ժամանակակից ոստիկանը, ժամանակակից փրկարար ծառայողը կամ ծառայություններ մատուցող քաղաքացիական ծառայողը կարողանա ձեզ մատուցել այն որակի ծառայություն, ինչին դուք իրապես արժանի եք»։