3.000.000 դրամ պարգևավճար՝ ինչի՞ համար. ո՞ր հաջողված աշխատանքի, ո՞ր լուծված խնդրի դիմաց

Ազգային ժողովի պատգամավորները ամանորյա պարգևավճարներ են ստացել՝ յուրաքանչյուրը 3-ական միլիոն դրամի չափով: Այս լուրը դժգոհության ու քննադատության մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանակում՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանում օրեցօր աճող աղքատության մակարդակը:

Թեմայի մասին գրառում է արել «Մեր ձևով» շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը, որը տեղադրում ենք ստորև.

«3.000.000 դրամ պարգևավճար` ինչի՞ համար: Երկիրը ճգնաժամի մեջ է, քաղաքացիները` սոցիալական ճնշման տակ, իսկ ՀՀ ԱԺ պատգամավորները ստանում են 3 միլիոն դրամ տարեվերջյան պարգևավճար։

Ո՞ր արդյունքի համար,
Ո՞ր հաջողված աշխատանքի,
Ո՞ր լուծված խնդրի դիմաց։

Եթե չափանիշ և հաշվետվություն չկա, սա պարգևավճար չէ, սա պետական բյուջեի և «հերոս հարկատուների» հաշվին ինքնապարգևատրում է:

Իսկ եթե, ըստ շրջանառվող լուրերի, այդ գումարներից իրականում մի մասը փոխանցվել է ՔՊ-ին (ՔՊ ցուցակով պատգամավոր առաջադրվելու անդամավճարի տեսքով), ապա սա ոչ այլ ինչ է, քան պետական միջոցների վատնում և պետբյուջեի օգտագործում ոչ նպատակային ձևով։

Հարկատուների գումարները կուսակցական հարցեր լուծելու համար չեն տրվում»։

Leave a Comment