Շաբաթվա ընթացքում ճանաչողական այցով Ազգային ժողովում են եղել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից։
Գեղարքունիքի մարզի Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին հյուրընկալել են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ու պատգամավոր Միքայել Թումասյանը:
Ջուլիետա Ազարյանը զրուցել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի սաների հետ:
Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների ընդունել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Օրենսդիրն ուսանողների հետ քննարկել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, հարեւան երկրների հետ հարաբերություններին, մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ինչպես նաեւ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծին, Հայաստանի տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր:
Վերոնշյալ հանդիպումների ընթացքում մանրամասն ներկայացվել են օրենսդիր մարմնի գործառույթները, պատգամավորի իրավունքներն ու պարտականությունները։
Քննարկումներ են ծավալվել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների եւ առկա խնդիրների, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական եւ արդյունաբերական ոլորտների զարգացման հեռանկարի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրին:
Այցելուները եղել են խորհրդարանի գրադարանում եւ թանգարանում: