Զելենսկին Ֆլորիդայում կհանդիպի Թրամփի հետ՝ Ուկրաինայի խաղաղության ծրագրի շուրջ բանակցելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կհանդիպեն Ֆլորիդայում: Երկկողմ բանակցությունները տեղի կունենան Փալմ Բիչում։

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ մտադիր է բարձրացնել տարածքային հարցեր, որոնց թվում են նաև Դոնբասին և Զապորոժյեի ատոմակայանի ապագային վերաբերող հարցերը։ Նա ասել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված է Ուկրաինայում ճգնաժամի լուծման 20 կետանոց ծրագրի 90%-ը։

Դեկտեմբերի 24-ին Զելենսկին լրագրողներին պատմել էր 20 կետանոց ծրագրի մասին, որը քննարկվել է ԱՄՆ-ում բանակցությունների ժամանակ։

Ծրագիրը նախատեսում է Կիևի և Մոսկվայի միջև չհարձակման մասին համաձայնագիր, ինչպես նաև շփման գծի երկայնքով մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում: Ուկրաինային առաջարկվում են անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրոպայի կողմից՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի նմանությամբ, և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերականգնում, եթե Մոսկվան վերսկսի հակամարտությունը:

Ուկրաինայի բանակը, ըստ այդ պլանի, խաղաղ ժամանակներում կունենա 800,000 զինվորական, միաժամանակ Ուկրաինան կպահպանի իր ոչ միջուկային կարգավիճակը:

Ռուսաստանը իր հերթին պարտավորվելու է չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի վրա, չխոչընդոտել Դնեպրի և Սև ծովի առևտրային գործունեությանը։

Ծրագրի տնտեսական բաղադրիչը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա, տնտեսական զարգացմանը նպաստող միջոցառումներ, ներդրումային համաձայնագրեր և մինչև 800 միլիարդ դոլար ներգրավելուն ուղղված վերականգնման ֆոնդերի ստեղծում: Առաջարկվում է նաև ազատ առևտրի համաձայնագիր Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև։

Դեկտեմբերի 26-ին Politico-ին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ առանց իր հաստատման Զելենսկու՝ ուկրաինական կարգավորման խաղաղության ծրագիրը ոչինչ չի նշանակում։

Leave a Comment