Ադրբեջանական բենզին գնելը շահավետ կլինի Հայաստանի քաղաքացիների համար, Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով, բոյկոտի կոչերին չնայած, վառելիքի համար հերթեր են գոյանում։
«Խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի։ Մեր տարածքով պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք էլ պետք է իրենց տարածքով անցնենք», – ասել է նա՝ բացատրելով, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին մատակարարում էժան բենզին։
Նա մերժել է այն միտքը, որ Բաքուն բենզին է վաճառում ցածր գնով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերընտրվելուն օգնելու համար, ինչից հետո գինը կտրուկ կբարձրանա։
«Մենք շահագրգռված ենք օր առաջ ունենալ ապաշրջափակում, օր առաջ գործարկել TRIPP ենթակառուցվածքները, այդ թվում գուցե երկաթուղին կարող է լինել և դրանով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ՝ կարող է արտահանել ու ներմուծել», – նշել է նա։
Միրզոյանը հավելել է, որ Երևանը շատ ինտենսիվ աշխատում է ամերիկյան կողմի հետ այս ուղղությամբ, և TRIPP-ի ներդրման գործնական փուլը կսկսվի 2026 թվականի երկրորդ կեսին։
Նախարարը ընդունել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորման գործում կան խնդիրներ, այդ թվում՝ Բաքվի բանտերում պահվող հայ բանտարկյալների և «Արևմտյան Ադրբեջանի» հռետորաբանության հետ կապված՝ ընդգծելով, որ սրանք այն հարցերն են, որոնք պետք է լուծվեն։
Խոսելով Բաքվի հետ խաղաղության գործընթացի մասին՝ նա նշել է, որ ինքնախաբեություն կլինի պնդել, որ բոլոր խնդիրները լուծված են, սակայն, նրա կարծիքով, պետք է քայլեր ձեռնարկվեն հակամարտությունը լուծելու համար։
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները շատ ինտենսիվ և դրական երկխոսության մեջ են Թուրքիայի հետ, բայց եկել է ժամանակը «տեղում շոշափելի առաջընթացի» հասնելու համար։ Միևնույն ժամանակ, Միրզոյանը պնդել է, որ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու կամ Մոսկվայի հետ քաղաքական, տնտեսական կամ այլ կապերը խզելու օրակարգ չունի։
«Այս ամենն ուղիղ ասվում է նաև մեր միջազգային գործընկերներին, որպեսզի թյուրըմբռնում չլինի, մենք հարաբերություններ ենք խորացնում, կառուցում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որպեսզի ճիշտ հասկանան ակնկալիքները», – ասել է նա։
Միրզոյանն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը չպետք է նույնացվի Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ՝ նշելով, որ երկիրն այժմ միության անդամ է և օգտվում է դրա շրջանակներում համագործակցությունից։
Նրա խոսքով, եթե ապագայում առաջանա Եվրամիությանը հնարավոր անդամակցության հարցը, այն կդառնա Մոսկվայի հետ առանձին քննարկումների առարկա։
Նախարարը նաև հավելել է, որ Շիրակի մարզում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը Հայաստանի իշխանությունների օրակարգում չէ։
