2026 թ․ կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանը չի մասնակցելու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը 2026թ կայանալիք խորհրդարանական ընտրություններում չի լինելու։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է պատգամավորի ֆեյսբուքյան էջում։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրման օրից ի վեր, որպես կուսակցության հիմնադիր անդամ` բարդ, պատասխանատու և բազմաթիվ մարտահրավերներով լեցուն ճանապարհ եմ անցել, լինելով իմ թիմի գաղափարների, արժեքների կրողը` մշտապես պայքարել եմ Հայաստանի Հանրապետության պետականության հարատևության և արդարության վերականգնման համար։

Հեղափոխությունից հետո, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իմ առաքելությունը եղել է մեկը` ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետականության ամրապնդման` ամեն գնով։

Շարունակելով հավատարիմ մնալ այդ արժեքներին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ 2026թ կայանալիք խորհրդարանական ընտրություններում չեմ լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, բայց ներգրավված եմ լինելու նախընտրական ակտիվ քարոզարշավին և կազմակերպչական աշխատանքներին, իսկ հետագայում իմ գործունեությունը շարունակելու եմ գործադիրում կամ պետական այլ մարմիններում։

Ձեր զանգերին, բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան` կասեմ, որ այն արժեքները, որը դեռ 10 տարի առաջ միավորել է ինձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին` անփոփոխ են և իմ քաղաքական թիմի հետ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, Շիրակի մարզին և հարազատ Գյումրիիս` մշտապես հոժարակամ լինելով հանուն համընդհանուր շահի` առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ»։

Leave a Comment