Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեջ. մեղադրյալների թվում նաև նրա որդին ու կինն են

Հակակոռուպցիոն դատարանում 2025 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական նոր գործ է մուտք արվել, այս մասին Iravaban.net տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։ Ըստ գործի նյութերի մեղադրանք է առաջադրվել վեց անձանց՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Ռաֆիկի Պողոսյանին, նրա որդի Էդգար Վահանի Պողոսյանին, կին Լիլիթ Կառլենի Գասպարյանին, ինչպես նաև Գագիկ Մերուժանի Ադամյանին, Վահրամ Ֆելիքսի Հարությունյանին և Եվգենիա Գեորգիի Հովհաննիսյանին։ Բոլոր վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ Լիլիթ Գասպարյանի նկատմամբ նաև գրավ։ Գործը մակագրվել է դատավոր Տիգրան Սամվել Դավթյանին։

Մեղադրյալները

Մեղադրանք է առաջադրվել վեց անձանց՝

  1. Վահան Ռաֆիկի Պողոսյան – ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար (2011-2016 թթ.),
  2. Էդգար Վահանի Պողոսյան – «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ նախկին գործադիր տնօրեն (2013-2018 թթ.), Վահան Պողոսյանի որդի,
  3. Լիլիթ Կառլենի Գասպարյան – «Էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն, Վահան Պողոսյանի կին,
  4. Գագիկ Մերուժանի Ադամյան – «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ նախկին տնօրեն (2011-2018 թթ.),
  5. Վահրամ Ֆելիքսի Հարությունյան – «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ նախկին գործադիր տնօրեն (2011-2013 թթ.),
  6. Եվգենիա Գեորգիի Հովհաննիսյան – «Առողջ ապագա բժշկական կենտրոն» առողջարանի նախկին գլխավոր բժիշկ (2011-2018 թթ.),

Մեղադրանքները

Վահան Ռաֆիկի Պողոսյան

2011-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնը՝ հանդիսանալով պետական կառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ շահադիտական դրդումներով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Բացի այդ, անձնական այլ դրդումներով ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ օրինական գործունեության շղարշի ներքո թաքցրել և խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի ծագման աղբյուրն, իրական բնույթը, պատկանելությունը և տնօրինման եղանակը՝ կատարելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների փոխարկում՝ փողերի լվացում։

Էդգար Վահանի Պողոսյան

2013 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 15-ը զբաղեցնելով Դիլիջանի «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնը՝ շահադիտական դրդումներով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ խոչընդոտը վերացնելու և ի պաշտոնե ցուցում տալու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացած իր հոր՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Ռաֆիկի Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցավոր գործունեությանը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Բացի այդ, անձնական այլ դրդումներով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ օրինական գործունեության շղարշի ներքո թաքցրել և խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի ծագման աղբյուրն, իրական բնույթը, պատկանելությունը և տնօրինման եղանակը՝ կատարելով փողերի լվացում։

Լիլիթ Կառլենի Գասպարյան

Հանդիսանալով Արմավիրի մարզի «Էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենը՝ շահադիտական դրդումներով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ հանցավոր գործունեությանը միջոց տրամադրելու և ցուցում տալու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացած իր ամուսնու՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Ռաֆիկի Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Բացի այդ, անձնական այլ դրդումներով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ օրինական գործունեության շղարշի ներքո թաքցրել և խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի ծագման աղբյուրն, իրական բնույթը, պատկանելությունը և տնօրինման եղանակը՝ կատարելով փողերի լվացում։

Գագիկ Մերուժանի Ադամյան

2011 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 15-ը հանդիսանալով Շիրակի մարզի «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենը՝ խմբային շահերից ելնելով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ հանցավոր գործունեությանը միջոց տրամադրելու և ցուցում տալու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացած ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Ռաֆիկի Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Վահրամ Ֆելիքսի Հարությունյան

2011 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 19-ը զբաղեցնելով Դիլիջանի «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնը՝ խմբային շահերից ելնելով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ խոչընդոտը վերացնելու և ի պաշտոնե ցուցում տալու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացած ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Ռաֆիկի Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցավոր գործունեությանը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Բացի այդ, անձնական այլ դրդումներով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ օրինական գործունեության շղարշի ներքո թաքցրել և խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի ծագման աղբյուրն, իրական բնույթը, պատկանելությունը և տնօրինման եղանակը՝ կատարելով փողերի լվացում։

Եվգենիա Գեորգիի Հովհաննիսյան

2011 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 15-ը հանդիսանալով Դիլիջանի «Առողջ ապագա բժշկական կենտրոն» առողջարանի գլխավոր բժիշկը՝ հանցավոր գործունեությանը միջոց տրամադրելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացած ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Ռաֆիկի Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Քրեական օրենսգրքի հոդվածները

Մեղադրյալներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝

Վահան Պողոսյան՝

  • ՀՀ ՔՕ 441-րդ հոդված, 2-րդ մաս, 2-րդ և 4-րդ կետեր,
  • ՀՀ ՔՕ 308-րդ հոդված, 2-րդ մաս,
  • ՀՀ ՔՕ 296-րդ հոդված, 3-րդ մաս, 2-րդ և 3-րդ կետեր,
  • ՀՀ ՔՕ 190-րդ հոդված, 3-րդ մաս, 1-ին և 3-րդ կետեր։

Էդգար Պողոսյան, Լիլիթ Գասպարյան և Վահրամ Հարությունյան՝

  • ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդված, 2-րդ մաս,
  • ՀՀ ՔՕ 46-441-րդ հոդված, 2-րդ մաս, 2-րդ և 4-րդ կետեր,
  • ՀՀ ՔՕ 296-րդ հոդված, 3-րդ մաս, 2-րդ և 3-րդ կետեր,
  • ՀՀ ՔՕ 190-րդ հոդված, 3-րդ մաս, 1-ին և 3-րդ կետեր։

Գագիկ Ադամյան և Եվգենիա Հովհաննիսյան՝

  • ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդված, 2-րդ մաս,
  • ՀՀ ՔՕ 46-441-րդ հոդված, 2-րդ մաս, 2-րդ և 4-րդ կետեր – Օժանդակություն պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։

Խափանման միջոցները

Բոլոր վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Լիլիթ Կառլենի Գասպարյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ։

Գործի քննության ընթացքը

Գործը քննվել է ՀՀ Քննչական կոմիտեում։

Գործը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Դեկտեմբերի 26-ին գործը մակագրվել է դատավոր Տիգրան Սամվել Դավթյանին։

Գործի հետ միասին դատավորին է տրվել 34 փաթեթ իրեղեն ապացույց կնիքված վիճակում։

Նախնական դատալսումները դեռ չեն նշանակվել։

Գործի առանձնահատկությունը

Սույն գործը 2011-2018 թվականներին առողջապահության ոլորտի կոռուպցիոն բնույթի բավականին հնչեղ քրեական գործ է։

Գործով մեղադրվում են՝

  • ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար,
  • նրա որդին և կինը,
  • երեք բժշկական կառույցների նախկին տնօրեններ, – տեղեկացնում է Iravaban.net-ը ։

Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment