Քաղաքացիները կշարունակեն «կարմիր գծերի» համար վճարել 160 հազար դրամ, թեպետ դատարանն ավագանու այդ որոշումը ոչ իրավաչափ էր ճանաչել։ Բանն այն է, որ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց, նույնքան ժամանակ էլ քաղաքապետարանն ունի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին գրում է ABC Media-ն։
«ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/0796/05/25 վարչական գործով 2025 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումն ուժի մեջ մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, և այդ նույն ժամանակահատվածում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ տեղեկացնում ենք, որ Երևանի ավագանին բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը»,– ABC Media-ի հարցմանն ի պատասխան փոխանցել են Երևանի քաղաքապետարանից։
«Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին դատարանը կրկին ոչ իրավաչափ էր ճանաչել Երևանի ավագանու որոշումը, ըստ որի՝ «կարմիր գծերի» արժեքը թանկացել է։ Երկրորդ տարին է, ինչ ավագանու ընդդիմադիր անդամները դատական հայց են ներկայացնում քաղաքապետարանի դեմ և շահում են հայցը, սակայն որոշումն ուժի մեջ չի մտնում․ քաղաքացիները շարունակում են վճարել նախկին 12 հազար դրամի փոխարեն 160 հազար դրամ»,- գրում է լրատվականը։