Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը կկայանա Պեկինի ազգային օպերային թատրոնում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նվագախումբն այս օրերին Չինաստանում է, որտեղ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագակցում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։

«Մրցույթը կազմակերպվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողից։ Այս տարի այն անցկացվում է «թավջութակ» անվանակարգում։ Մասնակցում են թավջութակահարներ աշխարհի տարբեր ծայրերից։

Հարկ է նշել, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այն եզակի մշակութային նախագծերից է, որն ունի լայն աշխարհագրություն և իրականացվում է նաև Հայաստանից դուրս։ Արդեն երրորդ տարին է, որ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի ջանքերով և չինացի գործընկերների հետ համագործակցությամբ մրցույթը կազմակերպվում է նաև Չինաստանում՝ այս երկրում Արամ Խաչատրյանի անվան շուրջ համախմբելով մեծաթիվ երաժիշտների ու աշխարհին ներկայացնելով հայ մեծ կոմպոզիտորի մշակութային ժառանգությունը, ինչը մեծ ձեռքբերում է Խաչատրյանի արվեստը հանրայնացնելու ճանապարհին։ Մրցույթի գալա համերգն ու պարգևատրման արարողությունը կկայանան դեկտեմբերի 27-ին Պեկինի ազգային օպերային թատրոնում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առանձին համերգներով հանդես կգա նաև Չինաստանի երեք քաղաքներում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Comment