Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի 2025 թվականի առաջնությունները։
Հայաստանն այս հեղինակավոր ստուգատեսին մասնակցում է ընդլայնված կազմով՝ 12 ներկայացուցչով։
Տղամարդկանց մրցաշարում մեր երկրի պատիվը կպաշտպանեն Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը։
Կանանց պայքարում հանդես կգան փորձառու և երիտասարդ շախմատիստուհիներ՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։
Մրցաշարային գրաֆիկը հետևյալն է. դեկտեմբերի 26-ից 28-ը տեղի կունենան արագ շախմատի (ռապիդ) պարտիաները, իսկ դեկտեմբերի 29-ին և 30-ին կորոշվեն ուժեղագույնները կայծակնային խաղում (բլից):