
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ալ-Հիլալի» 28-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նևեշի ծառայություններով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Էկրեմ Քոնուրը։
Նևեշի գործող պայմանագրի ժամկետը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Սակայն, ըստ աղբյուրի, կողմերը չեն պատրաստվում երկարաձգել համագործակցությունը, ինչը թույլ կտա Նևեշին հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
«Արքայական» ակումբը պորտուգալացուն դիտարկում է որպես որակյալ համալրում կիսապաշտպանության գծում և կարևոր խաղացող՝ կազմի ռոտացիայի համար։
Այնուամենայնիվ, նրանք միակը չեն, որ հետաքրքրված են խաղացողով. նրան հետևում են նաև այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասլը», «Լիվերպուլը» և «Յուվենտուսը»։
Ընթացիկ մրցաշրջանում Նևեշը «Ալ-Հիլալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։