26 դեկտեմբերի 2025 – 16:25 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «վերջին տարիներին տարվող քաղաքականության արդյունքում ՀՀ հետ հակամարտությունը կարգավորվել է»։
Բայրամովը շեշտել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ՀՀ–ն պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ և կատարի TRIPP ծրագրի շրջանակում բոլոր պարտավորությունները, հայտնում է APA-ն։
«Վերջին շրջանում տեղի են ունեցել երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցեր։ Գաբալայում անցկացվել է նաև սահմանազատման հանձնաժողովի նիստ»,–ասել է նա։
Բայրամովը նաև ասել է, թե Հարավային Կովկասում ձևավորվել են նոր իրողություններ։
«2025 թվականին մենք տեսել ենք դրա առաջին դրսևորումները։ 2026 թվականին այս աշխատանքը շարունակվելու է»,–ասել է նա։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ 2026 թվականին կշարունակեն խաղաղ գործընթացի առաջխաղացումն՝ օգտագործելով երկկողմ երկխոսությունը։
«Ադրբեջանի տարածքով հացահատիկի մատակարարումը Հայաստան, ինչպես նաև հայկական կողմից ադրբեջանական նավթամթերքի գնումը վստահություն կառուցելու դրական գործընթացներ են»,–ասել է նա։
Բայրամովը նաև նշել է, որ միաժամանակ շարունակվում է «Հայաստանի կողմից վերջին 30 տարվա ընթացքում գործած հանցագործությունների փաստագրման գործընթացը»։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։