«Արքա» քարտերով գործարքների դիմաց քաղաքացիները 2% հետվճար կստանան

«Արքա» քարտերով գործարքների դիմաց քաղաքացիները 2% հետվճար կստանան

26 դեկտեմբերի 2025 – 16:45 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունը հաստատել է «Արմենիան քարդ» ընկերության «Արքա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից անկանխիկ եղանակով իրականացված գնումներից գումարի վերադարձի ծրագիրը և դրա կարգավորումները։

Մանրամասները ներկայացնելով՝ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ծրագրով յուրաքանչյուր անկանխիկ վճարման դիմաց քաղաքացիներին կտրամադրվի 2 տոկոսի չափով հետվճար, հայտնում է Արմենպրեսը։

«Հետվճարի 2 տոկոսից 1 տոկոսը տալու է պետությունը, իսկ մյուս 1 տոկոսը «Արմենիան քարդ» ընկերությունը։ Գումարը հետ է վերադարձվելու մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Գործարքները պետք է լինեն 1000 դրամից ավելի։ Մեկ գործարքի դեպքում առավելագույն հետ վերադարձի գումարը սահմանափակված է 6 հազար դրամ, իսկ մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական հանրագումարային հետ վերադարձի չափը կլինի 60 հազար դրամ։ Նշեմ, որ խոսքը բացառապես «Արքա» տեսակի քարտերին է վերաբերում»,-ասել է նախարարի տեղակալը։

Նա հավելել է, որ որոշ ծառայությունների դեպքում ծրագրից օգտվելու հնարավորություն չի նախատեսվում։ Այդ բացառությունների շարքում են հեռահաղորդակցության ոլորտը, կոմունալ վճարումները, պետական և համայնքային բյուջեներին ուղղված փոխանցումները, ինչպես նաև խաղատների, խաղային գործունեության, կրիպտոակտիվների, ազարտային խաղերի, թանկարժեք քարերի ու մետաղների առևտրի հետ կապված ծախսերը։

Մկրտչյանը նաև հայտնել է, որ ցանկացողները կարող են դիմել և ձեռք բերել «Արքա» քարտեր։ Ըստ նրա՝ այժմ քննարկվում է նաև համատեղ քարտերի թողարկման հարցը, որոնք ևս կվերաբերվեն այս ծրագրին, և դրանցով կատարված գործարքներն էլ կներառվեն վերադարձի մեխանիզմում։

Վերջին վիճակագրությամբ՝ Հայաստանում շրջանառվող «Արքա» քարտերի թիվը հասել է 500 հազարի։

Leave a Comment