26 դեկտեմբերի 2025 – 16:52 AMT
PanARMENIAN.Net – «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը պատրաստ է հունվարի 1–ից եթեր տրամադրել «Շողակաթի» աշխատակիցներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տնօրեն Արտակ Սարգսյանը։
«Բարձր գնահատելով «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը և, հաշվի առնելով նրա եթերազրկման հանգամանքը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ևս հայտարարում է, որ հունվարի 1֊ից պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթի» իր գործընկերներին»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունն էր հայտարարել, որ պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»:
«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 25–ի նիստում։ Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։