Բայրամովը ՀՀ-ի խաղաղության համաձայնագրի ստորագրման Ադրբեջանի պայմաններն է ներկայացրել

Քաղաքականություն

26.12.2025 | 16:30

Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը հնարավոր է միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխության և TRIPP նախագծի շրջանակում ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման դեպքում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում երկու երկրներում էլ անցկացվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումներ։

«Նոյեմբերին Գաբալայում տեղի ունեցավ ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպում: Դրանից առաջ՝ հունվարին և փետրվարին, նմանատիպ հանդիպումները տեղի էին ունենում առցանց: Թույլտվություն էր տրամադրվել նաև ղազախական հացահատիկի տարանցման համար դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Սակայն վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու համար պետք է կատարվեն մեր կողմից նշված պայմանները»,- ընդգծել է ադրբեջանցի նախարարը։

Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս տարի հարաբերությունների կարգավորումը կարևոր քայլ է դարձել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Նա նշել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը զգալի ներդրում է ունեցել այս գործընթացում:

Բայրամովը նշել է, որ TRIPP-ը կամրապնդի տարածաշրջանում միասնությունը։

«Ավելի մեծ ջանքեր են գործադրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահություն կառուցելու համար: 2026 թվականին մենք կպահպանենք երկկողմանի երկխոսությունը՝ խաղաղության գործընթացը հետագա առաջ մղելու համար: Ադրբեջանի միջոցով Հայաստանին հացահատիկի մատակարարումը, ինչպես նաև Հայաստանի կողմից ադրբեջանական նավթամթերքի գնումը դրական գործընթացներ են վստահության կառուցման համատեքստում»,- հայտարարել է նա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment