Կիմ Չեն Ընը կոչ է արել 2026թ․ ավելացնել զինամթերքների արտադրությունը


Քաղաքականություն


Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը ընդգծել է 2026թ․ զինամթերքի եւ հրթիռների արտադրության պլանների ավելացման անհրաժեշտության մասին, հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Կիմ Չեն Ընն այցելել է պաշտպանական արդյունաբերության օբյեկտներ, ծանոթացել հրթիռների եւ արկերի արտադրության ընթացքին 2025թ․ չորրորդ եռամսյակում: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ առաջատար ձեռնարկությունները հաջողությամբ կատարել են 2025թ․՝ հնգամյա պլանի վերջին տարվա արտադրական պլանը՝ նպաստելով երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:

 

«Ընկեր Կիմ Չեն Ընը նշել է 2026թ․ արտադրության պլանի ավելացման անհրաժեշտությունը՝ հիմնվելով զարգացման հեռանկարների, համապատասխան պետական ​​զինված ուժերի հրթիռային եւ հրետանային ստորաբաժանումների ապագա պահանջարկի վրա»,- հաղորդել է գործակալությունը: Դրա համար անհրաժեշտ է «կապակցված արտադրական օբյեկտների տեխնիկական բազայի ամրապնդում եւ ընդհանուր արտադրական հզորությունների ընդլայնում»: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ ռազմարդյունաբերական ոլորտում պետք է ստեղծվեն նոր ձեռնարկություններ՝ զինամթերքի ապագա պահանջարկը բավարարելու համար. դրանց վերաբերյալ որոշումը կկայացվի կուսակցության առաջիկա համագումարում: Հյուսիսային Կորեայի իշխանությունները պետք է շարունակեն նաեւ ռազմարդյունաբերական համալիրի արդիականացումը:

«Ընկեր Կիմ Չեն Ընն ասել է, որ հրթիռների եւ արկերի արտադրությունը չափազանց կարեւոր է զսպման ամրապնդման գործում»,- հաղորդել է գործակալությունը։ Ճյուղի արտադրության եւ արդիականացման նոր ծրագրերը կընդունվեն կուսակցության IX համագումարում: «Այս օրը ընկեր Կիմ Չեն Ընը ստորագրել է առաջատար ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արդիականացման նախագծեր, որոնք կներկայացվեն կուսակցության IX համագումարի քննարկմանը»,- հաղորդել է գործակալությունը:




Leave a Comment