ՍԱՏՄ. Մանր եղջերավորների ժանտախտի հետազոտման նպատակով մեկնարկել է արյունառման գործընթացը

ՍԱՏՄ. Մանր եղջերավորների ժանտախտի հետազոտման նպատակով մեկնարկել է արյունառման գործընթացը

26 դեկտեմբերի 2025 – 12:43 AMT

PanARMENIAN.Net – Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, 2025 թվականի դեկտեմբերից սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյան նմուշառման աշխատանքները՝ «Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի» շրջանակում ընդգրկված համայնքներից։

Արյան նմուշների լաբորատոր վերլուծության արդյունքները պարբերաբար փոխանցվելու են Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (WOAH), որի միջոցով կձևավորվի Հայաստանի՝ որպես մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից զերծ երկրի միջազգային ճանաչման իրավական հիմքը։

Հաշվի առնելով տարածաշրջանում առկա համաճարակաբանական վիճակը, ինչպես նաև Հայաստանի՝ բարձր ռիսկայնության գոտում գտնվելու հանգամանքը, շճահետազոտության ծրագիրը նախատեսվում է իրականացնել առնվազն երեք տարի՝ տարեկան արդյունքների հիման վրա վերանայման հնարավորությամբ։

Ծրագրի հիմնական նպատակներն են՝

  • վերլուծել ժանտախտ հիվանդության ներթափանցման հնարավոր ռիսկերը,
  • պահել կայուն անասնահամաճարակային վիճակ ՀՀ մանր եղջերավոր կենդանիների շրջանում,
  • նպաստել Հայաստանի՝ որպես ժանտախտից զերծ երկիր ճանաչման գործընթացին։

Տեղեկացնենք, որ հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 1940 թվականին՝ Աֆրիկայում՝ որպես խոշոր եղջերավորների ժանտախտ։ Սակայն, ուսումնասիրելով հարուցչի իմունակենսաբանական բնույթը, 1980 թվականին Նիգերիայում կայացած միջազգային գիտաժողովում այն վերաորակավորվել է՝ ճանաչվելով որպես մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ։

Հարուցիչը ջերմաստանի հանդեպ զգայուն է. 60°C տաքության պայմաններում ոչնչանում է 5-10 րոպեի ընթացքում։ –20°C պայմաններում վիրուսը պահպանում է կենսունակությունը 4-7 ամիս, իսկ 25-30°C դեպքում՝ կենդանու դիակի ներսում ակտիվ է 20-30 ժամ։ Գոմաղբում վիրուսն ապրում է մինչև 30 ժամ, արոտավայրում՝ մինչև 36 ժամ։ Վարակված կենդանու աղացած մսի մեջ՝ վիրուսը կենսունակ է մինչև 28 օր։

Հիվանդության կլինիկական դրսևորումները ներառում են ախորժակի անկում, մարմնի ջերմության բարձրացում՝ մինչև 41-42.5°C, լարինգոֆարինգիտ, թարախային և արյունային լուծ, շնչահեղձություն և սուր թոքաբորբ։ Նշենք, որ այս հիվանդությունը մարդու առողջությանը վտանգ չի սպառնում։

Տնտեսական կորուստները պայմանավորված են կենդանիների անկումներով (50-100%), կաթնատվության նվազումով, քաշի և բրդի կորստով։

Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտը՝ որը տարածված է ոչխարների և այծերի շրջանում, սուր կամ ենթասուր ընթացող վիրուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցերով, աղիների և լիմֆատիկ համակարգերի հեմոռագիկ բորբոքումներով, արյունային լուծով, եղջերաթաղանթի բորբոքումով և թոքաբորբով։

Leave a Comment