ԿԽՄԿ-ն դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում ապօրինի անազատության մեջ պահվող անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ ԿԽՄԿ Հայաստանյան պատվիրակությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ այցելել են Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր հայերին։ Նշենք, որ խոսքն այն անձանց մասին է, որոնց՝ Ադրբեջանում գտնվելը պաշտոնապես հաստատված է ադրբեջանական իշխանությունների կողմից։
Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակին, ապա ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությունից զերծ մնացին անհատական տվյալներ փոխանցելուց։ Զառա Ամատունին միայն փաստեց, որ ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, պատվիրակության մեջ եղել է նաև բժիշկ։ Ըստ ընթացակարգերի՝ կազմակերպության տեսակցության ընթացքում ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ առանձնազրույցներ են եղել, ուշադրության կենտրոնում են եղել անառողջական հարցերը, անձանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները։
Ընտանիքի անդամների կողմից այս անգամ ծանրոցներ չեն ուղարկվել, ինչպես նաև՝ կապ չի հաստատվել, այցն այս անգամ սահմանափակվել է առանձնազրույցներով և իրավիճակի գնահատմամբ։