Մնացականյանը, Սահակյանը և Ղուկասյանը Բաքվի դատարանում հերքել են բոլոր մեղադրանքները

Մնացականյանը, Սահակյանը և Ղուկասյանը Բաքվի դատարանում  հերքել են բոլոր մեղադրանքները

26 դեկտեմբերի 2025 – 11:30 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 25-ին Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու գործերով դատական ֆարսը։

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ներկայացրել է իր վերջին խոսքը: Նա հայտարարել է, որ իրեն ներկայացված մեղադրանքներից ոչ մեկին համաձայն չէ, գրում է Azertag-ը։

Մնացականյանն ասել է, որ հրաժարվում է նախաքննության փուլում տրված ցուցմունքներից և խնդրել է դատարանին հաշվի առնել միայն այն, ինչ ասել է դատարանի դահլիճում: Նա դատարանին է ներկայացրել է իր երեք օրվա ելույթի տեքստը՝ 51 էջ, որը խնդրել է ներառել դատաքննության արձանագրություններում:

Այնուհետև վերջին խոսքը տրվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին։

Նա իր անհամաձայնությունն է հայտնել մեղադրող կողմի ներկայացրած ապացույցներին և նշել հակափաստարկները՝ ընդգծելով, որ մեղադրող կողմը նրա աշխատանքը «Սովետյան Ղարաբաղ» թերթում ներկայացրել է որպես հանցագործություն, ինչն այդպես չէ: Նա պարզաբանել է, որ չի համարում թերթում իր մասնագիտական գործունեությունը հանցավոր:

Նա հավելել է, որ 2007 թվականին հեռացել է «մեծ քաղաքականությունից» և այլևս չի վերադարձել:

Այնուհետև վերջին խոսքը տրվել է նախկին նախագահ Բակո Սահակյանին։ Նա ներկայացրել է իր հակափաստարկները մեղադրող կողմի հայտարարությունների վերաբերյալ:

«Հանցավոր կազմակերպություն չի եղել և չէր կարող լինել»,–ասել է նա։

Դատական գործընթացը կշարունակվի դեկտեմբերի 26-ին:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվաազատազրկում LՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գրիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Leave a Comment