Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն քննարկում են Զապորոժիեի ԱԷԿ-ի համատեղ վերահսկումը՝ առանց Ուկրաինայի մասնակցության, տեղեկացրել է «Коммерсант»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը՝ չբացահայտելով տեղեկատվության աղբյուրը։
Նրա տվյալներով՝ Պուտինն այդ մասին խոսել է բիզնեսի ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 24-ի փակ հանդիպման ժամանակ։ «Ամերիկյան գործընկերները, օրինակ, հետաքրքրվածություն են ցուցաբերել՝ զբաղվելու Զապորոժիեի ԱԷԿ-ի մայնինգով։ Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումները, նույնպես ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, քննարկվում են»,- ասել է Կոլեսնիկովը։
Նա ավելացրել է, որ Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին հարցրել է, թե կարելի է արդյոք, որ ուկրաինացի մասնագետներն աշխատեն ԱԷԿ-ում։ Պուտինը «պատասխանել է, որ նրանք են հիմա այնտեղ աշխատում, ինչպես առաջ, պարզապես նրանց անձնագիրն այժմ ռուսական է», ասել է Կոլեսնիկովը։
Ռուսաստանը Եվրոպայում ամենամեծ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գրավել է Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբում։ Կայանի վերահսկումը կարեւոր հարցերից մեկն է, որը բարձրացվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ժամանակ։
Ուկրաինան, Զելենսկու խոսքով, ցանկանում է, որպեսզի կայանը կառավարեն միայն Կիեւն ու Վաշինգտոնը։ Այդ դեպքում արտադրվող էլեկտրաէներգիայի 50 տոկոսը կստանա Ուկրաինան, մնացած 50 տոկոսը կբաշխի ԱՄՆ-ը։