Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթկոֆի ու Քուշների հետ

Քաղաքականություն

26.12.2025 | 11:08

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ, որոնք բանակցություններ են վարում պատերազմի ավարտի շուրջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կողմերը քննարկել են աշխատանքի որոշ նշանակալի մանրամասներ. կան լավ գաղափարներ, որոնք կարող են նպաստել ընդհանուր արդյունքի և կայուն խաղաղության հասնելուն։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել փաստաթղթերի վրա աշխատանքի հարցում, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների և տնտեսական բարգավաճման վերաբերյալ», – ասվում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրույցին մասնակցել են Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան և բանակցությունների այլ մասնակիցներ։

Ումերովը նույնպես նախատեսում է կրկին խոսել Ուիթկոֆի և Քուշների հետ։

Ավելի վաղ Զելենսկին առաջին անգամ հրապարակել էր Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված խաղաղության ծրագրի 20 կետերը։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

 

 

 

 

 

Leave a Comment