26 դեկտեմբերի 2025 – 10:38 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ընտրություններում ՀՀ–ին օգնելու ԵՄ-ի խոստումները շատ վատ ավարտ են ունենալու:
«Եթե խնդրել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին օգնել այնպես, ինչպես Մոլդովային, ապա դա շատ վատ ավարտ կունենա։ Ցավոք, այդպես է տեղի ունենում Մոլդովայում, երբ մարդկանց իրար դեմ են հանում»,–ընդգծել է Զախարովան, գրում է Lenta.ru-ն։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև առաջարկել է համեմատել օգնության այն ծավալը, որը կարող է տրամադրել Կալասը, այն քայլերի հետ, որն արդեն հասցրել է անել Ռուսաստանը Հայաստանի համար։ Զախարովայի կարծիքով, այսպիսի համեմատությունը կօգնի Հայաստանի բնակիչներին որոշել՝ արդյոք արժե լսել եվրոպական դիվանագիտության ղեկավարին, որը «ռուսատյացներին սադրանքների է հրահրում»։
Ավելի վաղ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրոպական միությունը մտադիր է Հայաստանին տրամադրել 15 միլիոն եվրո՝ Ռուսաստանին հակազդելու համար։ Նրա խոսքով, այդ միջոցները ուղղվելու են Հայաստանի «դիմադրողականության բարձրացմանը» և «արտաքին միջամտության դեմ պայքարին» խորհրդարանական ընտրություններից առաջ։