Ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի շրջանակում սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքներ. ՍԱՏՄ


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2025 թ․ դեկտեմբերից սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները «Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի» շրջանակներում նախատեսված համայնքներից: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:


 


Նմուշառված արյան՝ լաբորատոր փորձաքննությամբ ստացված արդյունքները պարբերաբար կներկայացվեն Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (WOAH)՝ Հայաստանի Հանրապետությունը մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու համար։


 


Մանր եղջերավորների (ոչխարներ, այծեր) ժանտախտը սուր և ենթասուր ընթացող վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է բարձր ջերմությամբ, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցային ախտահարմամբ, աղիների և լիմֆատիկ համակարգերի հեմոռագիկ բորբոքմամբ, արյունային լուծով, աչքի եղջերաթաղանթի բորբոքումով և թոքաբորբով:


 


Հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը և այն հանգամանքը, որ այս հիվանդության ներթափանցման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարձր ռիսկային գոտում, մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագիրը կունենա առնվազն երեք տարվա տևողություն՝ արդյունքների վերլուծության հիման վրա ամենամյա հնարավոր վերանայման հնարավորությամբ:


 


Ծրագրի իրականացման նպատակներն են՝


 


  • գնահատել հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը,

  • ապահովել մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակ,

  • նպաստել Հայաստանի Հանրապետությունը մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու գործընթացին։


Տեղեկանք


Առաջին անգամ՝ 1940 թվականին, Աֆրիկայում այս հիվանդությունը բնորոշվել է որպես խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ, սակայն, հաշվի առնելով հարուցչի իմունակենսաբանական առանձնահատկությունները, 1980 թվականին Նիգերիայում կայացած միջազգային գիտաժողովում այն պաշտոնապես ճանաչվել է որպես մանր եղջերավորների ժանտախտ հիվանդություն:


 


Ժանտախտի հարուցիչը 60օC տաքացման դեպքում ոչնչանում է 5-10 րոպեում: Ցածր ջերմաստիճանի՝ –20օC-ի դեպքում վիրուսը պահպանվում է 4-7 ամիս: 25-30օC ջերմաստիճանի պայմաններում կենդանու դիակում հարուցիչը կենսունակ է 20-30 ժամ: Գոմաղբում վիրուսը կենսունակ է մինչև 30 ժամ, իսկ արոտավայրում՝ մինչև 36 ժամ:


 


Վարակված կամ հիվանդ կենդանիների աղացած մսի մեջ վիրուսը կենսունակ է 28 օր:


 


Հիվանդության կլինիկական նշաններն են՝ ախորժակի նվազումը, ջերմության բարձրացումը 41-42.5օC, լարինգոֆարինգիտը, թարախային, արյունային լուծը, շնչահեղձությունը, սուր թոքաբորբը: Այս հիվանդությունը մարդու առողջության համար վտանգ չի ներկայացնում:


 


Հիվանդության պատճառած տնտեսական վնասն առաջանում է կենդանիների անկումից (50-100%), կաթնատվության նվազումից, քաշաճի և բրդի կորստից:

Leave a Comment