Մենք գրել էինք, որ Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերին միանգամից շատ մեծ գումարի փոխանցում են ստացել իրենց հաշվի համարներին` մոտ 3 մլն դրամ, ինչն աննախադեպ է` գոնե նախորդ տարիներին նման բան չի եղել: «Հրապարակը» գրել էր նաեւ, որ ՊՆ-ում են տարեվերջյան ճոխ պարգեւատրումներ բաժանվել:
Զրուցել ենք ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Նրան հարցրինք` որպես Ազգային ժողովի նախագահ, ամենամեծ պարգեւատրումը, որ ստացել է, որքա՞ն է կազմել, այժմ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրը 3 միլիոն դրամ պարգեւավճար է ստանում, այսինքն` 6 հազար ԱՄՆ դոլարից ավելի, իսկ թոշակառուն Հայաստանում գոյատեւում է 30, 40, լավագույն դեպքում` 60 հազար դրամով: «Մենք ստանում էինք տարվա մեջ մեկ անգամ պարգեւատրում, բայց դա բոլորին չէր վերաբերում: Ստանում էր մի մասը` 200 հազար դրամի չափով: Մեր ժամանակվա պարգեւավճարներն անգամ 500 հազար դրամի չեն հասել, ինչի՞ մասին է խոսքը: 200-300 հազար դրամ` լավագույն դեպքում, այդ էլ՝ ոչ բոլորին: Տեխնիկական աշխատողներին տրամադրվում էր 13-րդ աշխատավարձ` մաքրուհիներ եւ այլն: Ես չեմ զարմանում, որ ՔՊ-ական իշխանությունը նման մեծ պարգեւավճարներ է ստանում, բոլորովին չեմ զարմանում: Բա ինչի՞ համար են իշխանության եկել, եկել են հենց դրա համար: Ունեն մեկ սրբություն` լավ ապրելը: Իրենք հասել են դրան եւ վայելում են կյանքը` ի հաշիվ պետության, բանակի եւ մեր հայրենիքի: Հաղթել են, ինչ ուզում են, անում են… նրանք դրա համար են իշխանության եկել: Վայելում են կյանքը, օգտվում են բոլոր բարիքներից եւ անկախ այն բանից, թե ինչ վիճակում է մեր երկրի անվտանգության համակարգը, բանակը, սահմանների վիճակը, նրանք մտածում են գեղեցիկ տոնածառի մասին, դրա վրա միլիարդներ են վատնում, որովհետեւ լավ գիտեն, որ ժողովրդին պետք է հաց ու խրախճանք: Այն դեռ Հին Հռոմից է եկել…. Եթե հացը քիչ է մեր պարագայում, ապա խրախճանքն արվում է կրկնակի դոզայով: Տոնածառներ, լույսեր, շամպայն: Այս ամենը խրախճանք է՝ ժանտախտի ժամանակ: Բոլոր նորմալ ազգերն այլ կերպ են ապրում: Անգամ ամենահզոր ու հարուստ երկրներում խրախճանքների վրա այդքան գումարներ չեն ծախսում: Մեր ժամանակ հանրային ճնշումը եւ առհասարակ մարդկանց մտածողությունն առաջին հերթին ազգային անվտանգությանն էր միտված: Եթե կար լրացուցիչ գումար, ապա այն պետք է հատկացվեր բանակին ու սպառազինությանը, այլ ոչ թե պրեմիաներին ու տոնածառներին»,- ասաց մեր զրուցակիցը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: