«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը միացել է 16 000 կամավոր, տեղեկացրել են շարժման ֆեյսբուքյան էջում։
Տվյալները դեկտեմբերի 25-ի՝ ժամը 15։00-ի դրությամբ են։
«Կռահեք՝ ո՞րն էր ամենաարագ աճող շարժումը Հայաստանում 2025-ին»,- հավելել են շարժման էջում։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
«Մեր ձևով»-ն առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։
Կարդացեք նաև՝
